Ժողովրդավարությունն է օգնում դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին․ ԱԽ քարտուղար

Ժողովրդավարությունն է օգնում դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին․ ԱԽ քարտուղար

Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և այդ կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան։ Այդ մասին այսօր ՀՀ-Արևելյան գործընկերություն թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ԱլԳ-ն այս առումով կարևոր գործընկեր է մեզ համար։

«Դիմակայունության համար մյուս կարևոր գործոնը ժողովրդավարությունն է, ժողովրդական ընտրությունների անցկացումը։ Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակորեն բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։ Հենց ժողովրդավարությունն է օգնում դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին»,- նշեց նա։

Ըստ ԱԽՔ-ի` դիմակայունության տեսանկյունից կարևոր է ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրացումը։ Միանշանակ է, որ Հայաստանն ինչքան շատ գործընկեր ունենա, այնքան ավելի դիմակայուն է լինելու և դառնալու։

«Միանշանակ է, որ ԱլԳ-ն օգնելու է, որ Հայաստանն ամրապնդի հարաբերություններն ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ։ Բացի այդ, դիմակայունության մասին խոսելիս պետք է նաև շեշտել խաղաղությունը։ Խաղաղությունը նոր հնարավորություն է բացում Հայաստանի համար, ու մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,- վստահեցրեց Գրիգորյանը։

Բացի այդ, նա կարևորեց նաև համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգը։