Կարևորում ենք Բաքվի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության համարժեք արձագանքը. ԱԳՆ

Կարևորում ենք Բաքվի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության համարժեք արձագանքը. ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը:

«Ոչ համարժեք ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը: Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով կանխարգելի Բաքվի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները: