163 մասնագիտություններում դիմորդներ չկան․ մանկավարժ դառնալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է

163 մասնագիտություններում դիմորդներ չկան․ մանկավարժ դառնալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է

 Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նրա խոսքով՝ 9 պետական բուհերի այս կամ այն մասնագիտություններում դիմորդ չկա։ Այս ամենը շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ շատ ցավալի փաստ է արձանագրվում վերջին տարիներին՝ հայագիտությանն առնչվող մասնագիտությունները մղվում են հետին պլան։

«Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, և դա կապված է երկրի սոցիալ-տնտեսակա իրավիճակի, ահագնացող արտագաղթի և այլ հանգամանքների հետ։ Բացի այդ, փոխվել է երիտասարդների արժեքային համակարգը, և այն թելադրում է, որ մեր դիմորդները չգնան այնպիսի ուղղություններով, ինչպիսին, օրինակ, մանկավարժությունն է։ Մեր հյուսիսային մարզերում գտնվող երկու բուհերում՝ Վանաձորում և Շիրակում, մաթեմատիկայի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող որևէ դիմորդ չկա»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։

Մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանի մանկավարժական համալսարանում բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտությունների համար դիմորդների թիվը ևս շատ փոքր է։

«Դա նշանակում է, որ չնայած շոու կա, և Կառավարությունը անընդհատ խոսում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին, այնուամենայնիվ, հասարակական գիտակցության մեջ և իրականում այդպես չէ, և մարդիկ գերադասում են ընտրել տնտեսագետի, իրավաբանի մասնագիտությունները։ Եվ դա է պատճառը, որ այդ բաժինների դիմորդների թիվը երբեք չի պակասում»,- նկատեց Մխիթարյանը։

Նա ցավով նշեց նաև, որ հայագիտությանն առնչվող մասնագիտությունները ևս աչքաթող են արված։

«Օրինակ, Կոնսերվատորիայում ազգային գործիքների նվագարանների համար դիմորդների թիվը զրո է։ Նույնը արվեստագիտությանն է վերաբերում։ Սա նշանակում է, որ հասարակության վերաբերմունքը ազգայինի հանդեպ շատ անտարբեր է»,- ասաց Մխիթարյանը։

Կրթության ոլորտի փորձագետի կարծիքով՝ այս պատկերը պետական քաղաքականության հետևանք է։

«Օրինակ՝ դիմորդին տրվում է հնարավորությունէ ընտրել՝ որ լեզվով քննությունը հանձնել։ Նա կարող է հայոց լեզվի փոխարեն անգլերենի քննություն հանձնել, այսինքն՝ կան բաժիններ, որտեղ անգլերենն ու հայոց լեզուն հավասար նշաձողի վրա են, և դիմորդն ինքը պետք է ընտրի՝ որ լեզվով քննություն հանձնել։ Եվ, ցավոք, անգլերեն ընտրողների թիվն ավելի մեծ է, քանի որ այդ լեզուն ավելի պարզ է, և ստացվող բալերն ավելի բարձր կարող են լինել»,- նշեց Մխիթարյանը՝ հավելելով, որ կրթության ոլորտում քաղաքականությունը պետք է արմատապես փոխել։

Նարե Գևորգյան