Մեծ պատերազմի ուրվականը

Երեկ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
«Եթե Իսրայելը պատասխան տա, մենք հազար անգամ ավելի ուժեղ կհարվածենք»,- զուգահեռ հայտարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
«Իրանը մեծ սխալ է գործել եւ պատասխան կտա դրա համար»,- սա էլ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի արձագանքն է:
Այսպիսով, Մերձավոր Արևելքում, որի բաղադրիչն է նաև Հարավային Կովկասը, ստեղծվել է խիստ պայթյունավտանգ իրավիճակ:
Տարածաշրջանային մեծ պատերազմը, որն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ, բախում է բոլորիս դռները:
Այս պատերազմը կարող է խիստ անբարենպաստ հետևանքներ ունենալ Հայաստանի համար:
Դժվար չէ պատկերացնել, որ Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի պարագայում Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով աճելու է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը՝ որպես Իրանի դեմ գործողությունների պլացդարմ:
Այդ պարագայում Բաքուն, բնականաբար, գին է պահանջելու, որը վճարվելու է Հայաստանի հաշվին:
Մերձավորարևելյան ճգնաժամում հուսադրող հանգամանքը, թերևս, այն է, որ մեծ պատերազմի հարցում շահագրգռություն չունի նաև ԱՄՆ-ն։ Իհարկե, չի կարելի գերագնահատել Վաշինգտոնի բացարձակ ազդեցությունն Իսրայելի վրա։
Իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ ընդամենը մեկ միջադեպ կարող է գործընթացներն անվերահսկելի դարձնել:
Վահրամ Բագրատյան