«Ես չգիտեմ, թե ով վաճառեց հայրենիքը, բայց տեսա, թե ով վճարեց գինը». այսօր զոհված զինծառայողի գրառումը
«Պատերազմը կավարտվի։ Ղեկավարներն իրար ձեռք կսեղմեն՝ մինչ մայրը կշարունակի սպասել իր նահատակ որդուն, դեռատի կինը կսպասի իր սիրելի ամուսնուն, երեխաները կսպասեն իրենց հերոս հորը։ Ես չգիտեմ, թե ով վաճառեց հայրենիքը։ Բայց տեսա, թե ով վճարեց գինը»: Այս գրառումը արել է այսօր թշնամու գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33-ամյա Հրաչ Մանասերյանը շուրջ տասը տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր: Գրառումն արվել է 2021 թվականին:
Նույն թվականի հունվարի 28-ին հայրենիքի զինվորը Հայոց Բանակի տոնը շնորհավորել է հետևյալ գրառմամբ.
«1992թ.-ը բեկումնային էր Հայաստանի համար։
Անկախությունից հետո, ժամանակի հրամայականով հայոց բանակի կազմավորումը պետք է ուղղված լիներ հայրենիքի սահմանների պահպանման կարևոր գործին։ Նվիրյալների շնորհիվ խոսքը գործ դառավ, որի արդյունքում այսօր ունենք կայացած բանակ։ Այդ օրից ի վեր մեր սպաները, հերոս երիտասարդները պատվով են իրականացնում իրենց առջև դրված պարտավորությունը։
Դժվարին ճանապարհները միշտ վերելքներով ու վայրէջքներով են լեցուն։ Հաղթանակների կողքին, ցավոք, նաև անկումներ են լինում։ 2020թ.-ը մեր պատմության կորստաբեր տարիներից էր։ Ես չեմ կարող օգտագործել «պարտված» բառը, քանզի մեր հերոս տղաները հաղթել են և իրենց կյանքի գնով մինչև վերջ հայրենիք պահել։ Փա՛ռք Հայոց բանակին, հերոս զինվորին, քաջեր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Հավերժ հիշատակ նահատակներին և խոնարհումս նրանց շիրիմներին»: