Պատերազմի, խուճապի, տագնապի և գաղթի ընթացքում ծնվեց Արցախի վերջին հայուհին․ Արցախի ողբերգությունից 10 ամիս անց

Պատերազմի, խուճապի, տագնապի և գաղթի ընթացքում ծնվեց Արցախի վերջին հայուհին․ Արցախի ողբերգությունից 10 ամիս անց

«Ուղիղ 10 ամիս առաջ այս օրը կորցրեցինք ամեն ինչ, բայց Աստված այդ օրը մեզ պարգևեց Էվային, մեր 8-րդ բալիկին։ Վախ կար, որ կկորցնենք երեխային, բայց Աստծո օրհնությամբ ամեն ինչ մեր սրտով էր»,- MediaHub-ի հետ զրույցում իր հիշողություններն է կիսում Արցախի Վանք գյուղից տեղահանված Նորիկ Ավագյանը։

Կինը՝ Մարինեն, հղիության վերջին շրջանում էր, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ուղիղ կեսօրին սկսվեց պատերազմը։ 

«Այդ օրը մնացինք գյուղում, ու քանի դեռ հրետակոծությունը չէր դադարում, մնացել ենք նկուղում։ Կապ չկար, բայց խոսակցություններից հասկանում էինք, որ լավ բան չի սպասվում։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան գյուղը տարհանելու խնդիր եղավ։ Շատ դժվար էր 7 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ լքել գյուղը, մանավանդ, որ ոչինչ հնարավոր չեղավ վերցնել։ Ձեռնունայն հասանք Ստեփանակերտ»,- պատմում է Նորիկը։

Ավագյանների ընտանիքը տեղակայվեց կառավարության շենքի նկուղային հարկում, որտեղ, ըստ մեր զրուցակցի, ասեղ գցելու տեղ չկար։ Շրջաններից տարհանված բնակիչների մի մասը գտնվում էր այդտեղ, իսկ զուգահեռ՝ մարտերը շարունակվում էին։ 

«Սովի և ծանր հոգեվիճակի պայմաններում երեկոյան ծննդաբերական ցավեր սկսվեցին, ամուսինս ինձ տարավ Ստեփանակերտի ծննդատուն, որտեղ ևս անասելի ծանր տեսարաններ էին։ Այդ օրը հաստատվեց հարաբերական զինադադար, բայց իրավիճակն անվերահսկելի վատ էր, խուճապ ու տագնապ»,- հիշում է 37-ամյա Մարինե Առուշանյանը։ 

Նա սեպտեմբերի 21-ի առավոտյան իր ուժերով լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային, որին ծնողներն անվանել են Էվա։ Փոքրիկն Արցախում ծնված վերջին հայ աղջիկն է։ 

«Մի կողմից ուրախություն էր, մյուս կողմից՝ անորոշություն։ Այդ օրը որոշում էր ընդունվել՝ Արցախը հայաթափելու։ Երեխաները քաղաքապետարանի նկուղային հարկում, բոլորը գետնին, ամեն ինչ իրար խառնված։ Մի խոսքով՝ հաջորդ օրը մեզ դուրս գրեցին ծննդատնից։ Նաջարյան ազգանունով մի մարդ երեխային տակդիր նվիրեց ու տվեց իր աշխատասենյակի բանալիները, որ այնտեղ բնակվենք, մինչև դուրս կգանք։ Հաջորդ օրը 2 օրական երեխայի հետ ճանապարհ ընկանք»։

Նորիկն ասում է՝ մինչև Հակարի կամուրջ հասնելը, ամեն րոպե մտածել է, որ հրաշքի պես շրջադարձ կլինի ու բոլորը հետ կգնան։

«Հակարի կամրջին զինված ադրբեջանցիները մտան նաև մեր ավտոբուս՝ իբր ստուգումներ իրականացնելու համար, բայց իրականաում երեխաները սարսափահար եղան այդ ամենից։ Լավ էր, բոլորը չէին արթուն»։

Ընտանիքը եկել է նախ Վայոց ձորի մարզի Վայք քաղաք, այնտեղից բարի մարդիկ 2 մեքենայով տեղափոխել են Շիրակի մարզ։ Նրանք այժմ ապրում են Գյումրիում:

«Մեծ տղաս ու աղջիկս դպրոցն ավարտել են, 9-ի բազայից դուրս են եկել և արհեստ են սովորում Գյումրիում, մյուսները սովորում են դպրոցում, ամենափոքրերը՝ հաճախում մանկապարտեզ։ Գյումրիում մեր ցավն ավելի են հասկանում, քան մյուս բնակավայրերում, դրա համար այստեղից հեռանալ չենք պատրաստվում։ Եթե հեռանալ, ապա միայն Արցախ»,- ասում է 8 երեխաների հայրը։

Յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը։ 10 ամիս առաջ այս օրն Արցախում էթնիկ զտում էր։ Այլընտրանք չկար, երկընտրանք էր՝ մնալ, սպանվել կամ դուրս գալ, փրկվել։ Հազարավոր հայրենակիցների պես Ավագյանները ևս նախընտրեցին ապրելը։

Հունան Թադևոսյան