Ո՞վ է սխալ տվյալ ասում, կամ ի՞նչ վիճակ է շտապ օգնության մեքենաների պարկում

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակագրավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը դժգոհեց, որ Երևան քաղաքը շտապ օգնության մեքենաների կարիք ունի, և դիմել են նախարարին, որ մեքենա տա։
«Առողջապահության նախարարի՝ շտապօգնության ծառայության չափորոշիչները հաստատելու մասին հրամանով յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ։ Պաշտոնական տվայլներով՝ Երևան քաղաքի 1 միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում ենք 43 շարժակազմով։ Դիմել ենք առողջապահության նախարարին՝ ակնկալիքով, որ կավելացնի մեր շարժակազմերը»,- ասաց Դավիթ Կարապետյանը։
MediaHub-ն այս հարցով դիմեց առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը՝ ճշտելու, թե քանի՞ շարժակազմ է նապատեսված ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Երևան քաղաքի համար առանձին, քանի՞սն ունի այս պահին քաղաքը, ինչպես նաև՝ պատրաստվո՞ւմ են բավարարել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խնդրանքն ու նոր մեքենաներ տրամադրել։
Նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Ծատրյանը մեզ ասաց, որ հանրապետության շտապ օգնության մեքենաների ընդհանուր քանակը 335 է, որի մեջ հիվանդանոցների մասնավոր մեքենաները չեն մտնում։
«Իսկ Երևանին հատկացված շտապ օգնության մեքենաների քանակը 71 է, ևս երեքը նախատեսում ենք համալրել։ Այն, որ վարչության պետն ասել է, գրությունը այսօր է եկել, դեռ չենք պատասխանել։ Բայց մինչ պատասխանելը ասեմ, որ երեքով համալրելու ենք»,- ասաց Մարիամ Ծատրյանը։
Նկատենք, որ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը լրիվ այլ թիվ էր ասում, որ այս պահին 43 շարժակազմ ունեն, և 53-55 շարժակազմի կարիք ունեն։
Հետևաբար հարց է առաջանում, թե ո՞ր մեկն է սխալ տվյալ ասում՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պե՞տը, թե՞ առողջապահության նախարարությունը՝ խոսնակի միջոցով։ Հավանական է, սակայն, որ Դավիթ Կարապետյանը նշել է 43 թիվը՝ որպես այս պահին շահագործվող մեքենաների քանակ, քանզի այնտեղ կան նաև վթարված, խափանված մեքենաներ, որոնք այս պահին չեն շահագործվում։
Նկատենք նաև, որ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի բակում այս պահին շտապօգնության տասնյակ մեքենաներ կան՝ չշահագործվող, որոնք կարող են հատկացնել ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ ԱՆ-ից մեզ ասել էին՝ դրանք հենց շտապ օգնության մեքենաների ռեզերվն է, այսինքն՝ այդտեղ են կանգնում պահուստային մեքենաները։
Վահե Մակարյան