Ինչու՞ է փոխվել Սրբուհի Գալյանի խոսնակը 

Ինչու՞ է փոխվել Սրբուհի Գալյանի խոսնակը 

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը նորից փոխվել է։ Նախկին խոսնակ Մարիամ Մելքումյանն այսօր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից իրականացնում է արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: 

Մինչ այդ, նշենք, Սրբուհի Գալյանի՝ նախարար նշանակվելուց հետո նրա մամուլի քարտուղար էր նշանակվել Ծովինար Խաչատրյանը, որը երկարամյա փորձառություն ունեցող խոսնակ է և նախկինում էլի աշխատել է որպես արդարադատության նախարարի խոսնակ։ Եվ հիմա նրան նորից փոխարինում են այլ անձով, որը մինչ այդ էլի նախարարի խոսնակն էր, սակայն երեխայի ծննդով պայմանավորված՝ դեկրետի մեջ էր գտնվում։ 

Ծովինար Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց իր ազատման լուրը․ «Այո, դուրս եմ եկել, որովհետև Մարիամ Մելքումյանը գտնվում էր դեկրետում, հիմա վերադարձել է, ինչի կապակցությամբ ես դուրս եմ եկել»։ 

Նշենք, որ այս պահի դրությամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, փաստացի, երկու խոսնակ ունի՝ դեկրետից վերադարձած Մարիամ Մելքումյան և Նորայր Շողիկյան, որը ձևակերպված է որպես նախարարի խորհրդական։ 

Ի դեպ, մեր տեղեկություններով Մարիամ Մելքումյանը դեկրետային արձակուրդից պետք է վերադառնար մի քանի ամիս անց միայն, հետևապես Ծովինար Խաչատրյանի կողմից այդ պաշտոնում Մելքումյանին փոխարինելը գոնե արդարացված կլիներ: Իսկ այսպես ստացվում է, որ Խաչատրյանն ընդամենը չորս ամսով փոխարինեց խոսնակին:

Ծովինար Խաչատրյանին նախարար Գալյանի կողմից այլ աշխատանքի անցնելու առաջարկ չի հնչել:  

Վահե Մակարյան