Ծնողնորի թևերը կտրվել են, առանց հենարան են մնացել․ 2 որդին էլ մեկ օրում կրակի բաժին դարձան

Սեպտեմբերի 25-ը պակաս պատերազմ չէր։ Հարյուրավոր կյանքեր խլած կրակը ճակատագրեր խեղեց, ճանապարհներ փոխեց, նույնքան ընտանիքների դժբախտ դարձրեց։ Ավանեսյանների ընտանիքում ցավը կրկնակի է. Հակոբն ու Հարութը այդ օրը վառելիքի էին գնացել, այդպես էլ չվերադարձան։
Բարեկամուհին՝ Ռուզաննան MediaHub-ին պատմեց, որ Ստեփանակերտից Մայիս և Մարինե Ավանեսյանները համատեղ կյանքում 2 որդի են ունեցել, դժվարությամբ մեծացրել։
«Հիմա հոր ու մոր թևերը կտրվեցին։ Հրաշքի էինք սպասում, բայց 2-ի ԴՆԹ թեստերը նույնականացվել են, Հարութինը մի քիչ ավելի ուշ։ Հակոբը ամուսնացել ու 3 բալիկ ունի, իսկ Հարութը նշանադրվել էր, այնքան երազանքներ ունեին»,- ասում է Ռուզաննա Խաչատրյանը։
Հարութը, ինչպես հայրը, երաժիշտ էր, սիրում էր երգել. «Անվերջ կարելի է լսել նրա կատարմամբ Ղարաբաղի հորովելը։ Հիմա սիրտս մղկտում է, երբ լսում եմ տեսագրությունը»։
Ընտանիքի վիշտը մեծ է։ Տղաների հայրը՝ Մայիսը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հիվանդանոցից նոր է դուրս գրվել, անգամ զավակների հուղարկավորություններին չի կարողացել մասնակից դառնալ, քայլելու հետ կապված խնդիրներ ունի, իսկ մայրը անպատկերացնելի տանջվում է, առանց հենարան է մնացել, ասում է` «զավակներից հետո ինչ էլ որ լինի, արդեն մեկ է, ապրել չի լինում»։
Հոր հիվանդության ի հայտ գալուց հետո, եղբայրներն էին հոգում ընտանիքի ողջ հոգսը։ Այդքանով հանդերձ, Ավանեսյանները մի ամբողջ հայրենիք ու տարիների ընթացքում վաստակած ունեցվածք են թողել Արցախում։ Եկել են ձեռնունայն, հիմա էլ ոչինչ չեն ուզում։ «Աստված գոնե մեկին խնայեր»,- ասում է մեր զրուցակիցը։
«Այնքան անարդար է կյանքը։ Եղբայրներս իրենց հատուկ լավատեսությամբ հաղթահարել ես ամեն-ամեն դժվարություն ու վերջում դարձել դժոխային կրակի զոհ։ Էս անողոք ցավին դիմանալ չի լինում»,֊ եզրափակեց Ռուզաննան։
Հունան Թադևոսյան