«Անտարբեր» նախարարը

«Անտարբեր» նախարարը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ով իր անգործությամբ նպաստում է Փաշինյանի պարտվողական քաղաքականությանը:

Ո՞ւր են տղերքը

Սեպտեմբերի 14-ից անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներն մի քանի օր առաջ փակել էին Մարգարա-Էջմիածին ճանապարհը:

Զինվորի հարազատները պահանջում էին, որպեսզի Պաշտպանության նախարարությունը պատասխանի՝ որտեղ է իրենց տղան: «Վայենկոմատից ձայն չկա. տանելուց լավ են, բա մի հատ պարզաբանում տալուց ո՞ւր են»,- ասում էին նրանք:

Էջմիածին-Մարգարա ճանապարհը մի քանի ժամ փակ պահելուց հետո Պաշտպանության նախարարությունից լուր էին ուղարկել, թե Սուրեն Պապիկյանը պատրաստ է ընդունել մի քանի հոգու։ Վահեի ծնողները հարազատների ուղեկցությամբ նախարարություն էին գնացել, բայց այնտեղ ասել էին՝ Սուրեն Պապիկյանը տեղում չէ, նրանց դարձյալ միջին օղակի պաշտոնյաներն են ընդունել։ Եվ նույն բանն ասել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս իր հսկողության տակ անցած տարածքներ մտնել, բանակցում են։

Պապիկյանը զբաղված է կուսակցական գործերով

Բանակի խնդիրները, անհետ կորած զինծառայողների ու նրանց հարազատների դարդ ու ցավը Պապիկյանին չեն հուզում: Փոխարենը՝ նրան գրեթե միշտ կարելի է տեսնել ՔՊ կուսակցական միջոցառումներում, այս կամ այն համայնքում ՔՊ թեկնածուի քարոզչական հավաքներում:

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ՊՆ նախարարը կառավարող կուսակցական ղեկավարն է ու ցավոք՝ առաջին հերթին, ինչի հետևանքով՝ բանակի խնդիրները նրա համար երկրորդական են: Սա է մեր տխուր իրականությունը:

Վահրամ Բագրատյան