Նաև 1988-ին, Սումգայիթից տեղահանվածներն ունեին 070 կոդով անձնագիրը, ունեին գույք, հավասար իրավունքներ. փաստաբան

Արցախից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, այսօրվանից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։
Սոցիալական մեդիայում այս տեղեկությունն ակտիվ քննարկման առարկա է դարձել արցախահայերի շրջանում, ընդ որում՝ մի մասը դեմ է, մի մասը կողմ։ Արցախցի փաստաբան Վադիմ Հայրապետյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրի իրավական կողմին, նշելով, որ ինքն անձամբ, ունենալով 070 կոդով անձնագիր, չի հրաժարվում ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։
«Քանի որ գործնականում մի շարք խնդիրներ են առաջանում, մասնավորապես Երևանում փաստաբանական գործունեություն ծավալելու համար, Ստեփանակերտում գրանցված ԱՁ-ով այստեղ հնարավոր չէ, դրա համար ՀՀ քաղաքացիություն է պետք, որ այստեղ նոր ԱՁ կամ ՍՊԸ գրանցեմ, հետևաբար իրավական դաշտում աշխատելու համար պետք է 070 կոդ չլինի։ Մեր հաշվետվությունը ներկայացնելու համար պետք է ՀՀ հաշվառում, դրա համար անհրաժեշտ է ID քարտ»,- ասաց փաստաբանը։
Հայրապետյանը նաև տեղյակ է բնակչության շրջանում առաջացած հարցերին, մի քանի հոգի խորհրդատվություն ստանալու համար արդեն դիմել են իրեն՝ սկսած կարգավիճակի հարցից մինչև նպաստներ։
«ՀՀ օրենքի համաձայն, արցախցիները պետք է հաշվառում ունենան, որ կարողանան և՛ թոշակ ստանալ, և՛ մեքենայի առք ու վաճառքի գործարք կատարել։ Ի վերջո, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը օրենքի ուժով է, եթե անգամ 070-ի փոխարեն 011 կոդ լինի, միևնույն է փախստականի կարգավիճակից չենք զրկվում։ Նույնն էր նաև 1988 թվականին Բաքվից, Սումգայիթից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում․ ունեին նույն 070 կոդով անձնագիրը, ունեին գույք, հավասար իրավունքներ ու վերաբնակչի կամ փախստականի վկայական»,- ասաց նա։
Ամեն դեպքում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում Վադիմ Հայրապետյանը դեռ չի շտապում։
«Կսպասեմ ևս մի ամիս, քանի որ Կառավարությունն այս նախագիծը դրել է շրջանառության մեջ ու, կարծում եմ, դեռ վերջնական չէ»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան