Երբ հարցը վերաբերում է ՔՊ-ին, ՄԻՊ-ը «խուլ ու համր է»

Արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվորեն տարածվում է ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբոր մեկնաբանությունը, որում նա քաղաքացիներից մեկին հարցնում է․ «հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»։
Այն, որ ՔՊ-ում շատ են մարդիկ, որ գենետիկորեն ատում են արցախցիներին, համենայն դեպս, համացանցում հակաարցախյան թեզեր են առաջ տանում, նորություն չէ, բայց, այս դեպքում Էմմա Պալյանը շտապեց բացատրություն տալ՝ իր եղբոր միտքն իբր այն է եղել, թե այդ մարդն արդյոք հայաստանցի է՞, թե՞ արցախցի։
Մինչ պատգամավորն արդարանում էր, թե եղբայրը արցախցիների նկատմամբ ատելություն չի տարածում, ցանցում հայտնվեց նոր սքրինշոթ, որում երևում է, թե ինչպես էր Պալյանի հայրն ավելի վաղ կիսվել մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր եղել․ «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։
Ինչևէ, ՔՊ-ական պատգամավորին և իր ընտանիքին թողնելով մի կողմ, դե իրենց դեպքում ամեն ինչ պարզ է, «շեֆին» պետք լինի, հայրենի Գյումրին ու գյումրեցուն էլ կուրանան ու նման տողեր կձոնեն, բայց արդյո՞ք այս ամենը չպետք է որևէ գնահատական ստանա գոնե ՄԻՊ գրասենյակից։
Ի պատասխան MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք ՄԻՊ-ն ասելիք չունի, երբ հստակ խտրական մոտեցում է դրսևորվում արցախցիների նկատմամբ, ատելության խոսք է տարածվում, ՄԻՊ մամուլի քարտուղար Արթուր Ասլանյանը պատասխանեց․ «Սոցիալական ցանցերում խտրականություն կամ ատելություն տարածող խոսքը շատ լայն տարածում ունի, և Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր գրառումներին չի կարող յուրաքանչյուր դեպքով գնահատական տալ: Միևնույն ժամանակ Պաշտպանը պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ»։
Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ ՔՊ-ականի հարազատների գրառումներում ատելության տարածում ՄԻՊ գրասենյակն էլ է արձանագրել, բայց այս դեպքում ասելիք չկա։ Շատ անմեղ հարց է առաջանում՝ եթե ընդդիմադիր որևէ գործիչ նման հայտարարություն աներ, էլի՞ ՄԻՊ-ը կլռեր։
Նարե Գնունի