Դեմ եմ անգամ Քրիստոսի մասին նկարահանված ֆիլմերին․ Ֆրանսիան պղծեց քրիստոնեական արժեքները 

Դեմ եմ անգամ Քրիստոսի մասին նկարահանված ֆիլմերին․ Ֆրանսիան պղծեց քրիստոնեական արժեքները 

«Ընդհանրապես, եթե նկատել եք, վերջին տարիներին շատ ակնհայտ, ցուցադրական, ընդգծված, մանավանդ այնպիսի մեծ ու շքեղ միջոցառումներում, ինչպիսին, օրինակ, օլիմպիական խաղերն են, ամեն ինչ արվում է պղծելու քրիստոնեական արժեքները։ Դա հատուկ ծրագիր է, իմ համեստ կարծիքով՝ այն ղեկավարվում է գլոբալիստների կողմից»,- Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ Անահիտ Կիրակոսյանն այսպես է մեկնաբանում Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության բեմադրությունը, որտեղ ակնհայտ ծաղրում են Քրիստոսին ու քրիստոնեական արժեքեները։

Նա MediaHub-ի հետ զրույցում կատարվածը սատանայական խաղ է անվանում։

«Ուղղակի զարմանալի էր, որ Ֆրանսիան, լինելով քրիստոնյա պետություն, ևս միացավ հակաքրիստոնեական արշավին։ Քրիստոսին մարմնավորող սեռափոխված չգիտեմ ով, պարերով, կրակներով... ի՞նչ էին զգուշացնում։ Ես լուրջ մտավախություն ունեմ։ Լինելով քրիստոնյա՝ դեմ եմ անգամ Քրիստոսի մասին ֆիլմերին, եթե անգամ դրանք լավ որակի են, և առաքինի դերասաններ են խաղում։ Հասկանո՞ւմ եք, ես հիմա վերապահումով եմ խոսում այս թեմայով, որովհետև չեմ կարող այդ մեծությունն ու լույսը նկարագրել իմ խոսքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տիկին Կիրակոսյանը նաև զարմանում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից ֆրանսիական շոուի մասով որևէ կարծիք ու մեկնաբանություն առ այսօր չի հնչել։ Եվ MediaHub-ը կիսում է այս զարմանքը։

«Իրանի իսլամական պետության դիվանագիտական ինստիտուտն անդրադարձել է այս թեմային, պատասխան պահանջել, իսկ մեր եկեղեցին, գոնե որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, պետք է դատապարտեր»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան