Կառավարություն չունենք․ Փաշինյանն այն լուծարել է

Կառավարություն չունենք․ Փաշինյանն այն լուծարել է

Կառավարության նիստը երեկ 25 րոպե տևեց։ Այս տեմպերով շարժվելու դեպքում` շուտով կառավարության նիստերը հրավիրվելու են միայն Փաշինյանի հայտարարությունները հնչեցնելու համար։ Հայաստանի պատմության մեջ դժվար է հիշել ավելի ոչ թափանցիկ կառավարություն։

Կառավարության նիստերի օրակարգում «կայուն» ընթացքով մեծանում է չզեկուցվող հարցերի թիվը։ Սա նշանակում է, որ հասարակությունը տեղյակ չի լինում, օրինակ, մեկ անձից կատարվող բազմաթիվ գնումների, վիճահարույց որոշումների մասին, որոնք կարող են շոշափել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Նման իրավիճակն առնվազն մի քանի լուրջ ռիսկեր է ծնում։

Նախ, կառավարության գործունեության մեջ մեծանում է կոռուպցիոն ռիսկը։ Երբ հարցերը ծածուկ են քննարկվում, որպես կանոն՝ նպատակը հասարակությունից ինչ-որ բան թաքցնելն է։ Ստվերային գործունեությունը միշտ կոռուպցիոն ռիսկեր է ծնում։

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հրապարակայնության ու հաշվետվողականության սկզբունքների դոմինանտություն։ Հիմա կառավարությունն, ըստ էության, հաշվետու չէ խորհրդարանին, որովհետև առաջնորդվում է «ուսապարկային» մեծամասնության «կոճակային» քվեարկության խոտոր տրամաբանությամբ։ Հասարակության վերահսկողական առաքելության մասին նույնպես անիմաստ է խոսել, որովհետև երբ գործադիրը հրապարակային չի գործում, փակում է հենց հանրային վերահսկողության ճանապարհը։

Եվ վերջապես՝ կառավարությունը կոլեգիալ մարմին է ու նիստերը նրա համար չեն, որպեսզի նախարարները հավաքվեն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունները, մենախոսությունները լսելու համար։ Կառավարության նիստերում չենք տեսնում շահագրգիռ քաղաքական, մասնագիտական քննարկումներ, հարցերը կամ չեն քննարկվում կամ «լուծվում» են Փաշինյանի «դաբրոյով»։

Կառավարություն՝ որպես կոլեգիալ մարմին, չունենք․ Փաշինյանն այն լուծարել է։

Վահրամ Բագրատյան