Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգը մեծ է, բայց խաղաղության գործընթացը փակուղում չէ. ԱԺ նախագահ

ԱԳՆ հայտարարությունում ամեն ինչ ասված է, հավելելու ոչինչ այս պահին չունեմ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղություն հաստատելու Ադրբեջանի նախապայմանին, այն է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հարցին, թե արդյո՞ք խաղաղության գործընթացը փակուղում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ վտանգը կա, բայց ասել, թե գործընթացը փակուղում է, այդքան էլ ճիշտ չէ։
«Գործընթաց կա, որը տեղում կանգնած չէ։ Բայց դա չի կարող զսպող գործիք լինել Ադրբեջանի՝ հերթական սադրանքի գնալուն»,- նշեց նա։
Հարցին, թե մենք ի՞նչ կարող ենք անել այդ՝ հնարավոր ագրեսիան կանխելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամեն օր զբաղվում է իր պաշտպանողականությունը բարձրացնելով։
«Մենք ամեն օր դրանով ենք զբաղվում, որ մեր երկիրն ավելի պաշտպանված լինի»,- նկատեց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Պրահայի հանդիպումից հետո Հայաստանը արևմտյան գիծն է տանում, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ռուսական առաջարկները մշտապես ընդունվել են ՀՀ կողմից, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։
«ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին, քանի որ հայկական կողմը 99% դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական կողմի առաջարկներին»,- ասաց նա։
Զախարովայի մյուս հայտարարությանը, թե Արցախի անվտանգության հարցը երրորդ երկրի, այս դեպքում՝ ՌԴ-ի վրա թողնել չի կարելի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Ռուսաստանն ինքն է ստորագրել և ստանձնել այդ պարտավորությունը։
«Ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը, և ինչո՞ւ են ՌԴ խաղաղապահները կանգնած Արցախում։ Ըստ հայտարարության՝ ռուս խաղաղապահներն անվտանգությունը երաշխավորելու համար են այդ տարածքում։ Եթե մեր ռուս գործընկերները այս ամենը թողնում են մեր խղճին, ապա ինչպե՞ս են վերաբերում հանգամանքին, որ ռուս խաղաղապահների տեղակայումը Ադրբեջանը մինչ օրս չի հաստատել»,- ասաց նա։