Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել

Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին  և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականին բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝  բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով): Նախորդ տարի Շիրակի մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։

2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել):

2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով կատարվել է ինը ուսումնասիրություն, որից չորս ուսումնասիրության առարկա է ավելի քան 150 անշարժ գույք:

2022 թվականի ընթացքում քննվել է 51 կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ վարույթ (2021 թվականին` 112): 2022 թվականին արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 22 դեպք (2021 թվականին՝ 37 դեպք): 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել վեց քրեական գործ (վարույթ)՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ (վարույթ)՝ 40 անձի վերաբերյալ):

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կատարվել է 52 ստուգում և ուսումնասիրություն (2021 թվականին` 51), որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (2021 թվականին հայտնաբերվել էր 12 խախտում):

2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից դատարան է ուղարկվել 263 քրեական գործ (վարույթ)՝ 298 անձի նկատմամբ (2021 թվականին՝ 243 քրեական գործ (վարույթ)՝ 309 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցում ներկայացված ուղղությունների և ցուցանիշների կապակցությամբ տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Աննա Վարդապետյանի հաջորդ կանգառը Լոռու մարզի դատախազությունում է եղել, որտեղ մարզի նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես,  2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով սկսվել է 156 ուսումնասիրություն, հայտնաբերվել է խախտումների 16 փաստ։ 2022 թվականի ընթացքում մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման 20 հայց է ներկայացվել դատարան` բռնագանձման գումարի ընդհանուր չափը՝ 91 մլն 909 հազար 109 դրամ:

2022 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններում կատարվել է 112 ստուգում և վերստուգում, 254 ուսումնասիրություն և 86 ամփոփում: Արդյունքում՝ հայտնաբերվել է 157 խախտման դեպք, որոնցով դատախազների հանձնարարությունների հիման վրա նախապատրաստվել է 58 նյութ. դրանցից 39-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 19-ով հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հանձնարարական է տվել: Անդրադառնալով Լոռու մարզում առկա բնապահպանական հանցագործություններին, մասնավորապես՝ պետությանն էական վնաս պատճառող  ապօրինի անտառահատումներին՝ Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է քննված վարույթների (գործերի) հիման վրա ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ հանցատեսակի կանխարգելմանն ու ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ դարձնելուն:

Երկու մարզերի դատախազների կողմից ներկացված հաշվետվություններում կարևորվել է Շիրակում և Լոռիում Պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի վերջին կանգառը եղել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում: Հաշվետվության ամփոփմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու և Տավուշի հակահետախուզության բաժնի պետերը, ՀՀ ՊՆ Վանաձորի, Իջևանի և Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետեր Էդիկ Անդրյանը, Մուրադ Մկրտչյանը և Էդիկ Սարգսյանը, Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար Սամվել Գևորգյանը:

Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը ներկայացրել է 2022 թվականի ամփոփ հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց գործածելու կամ օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու դեպքերի քննության և որակման առանձնահատկություններին: Գլխավոր դատախազը Զինվորական դատախազությանը հանձնարարել է ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ համագործակցությամբ վերոնշյալ դեպքերի բացահայտման և քննության ուղղությամբ մշակել փոխգործակցության արդյունավետ ձևաչափ: