Սադրիչին մեկուսացրել են, Տարոն Դավթյանին՝ բերման ենթարկել. ի՞նչ է կատարվել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Տարոն Դավթյանը, ով փորձում էր սթափեցնել Սուրբ Պատարագը պղծել ցանկացող սադրիչին։
MediaHub-ի հետ զրույցում «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը, որը ներկա է եղել միջադեպին, ասաց, որ անհասկանալի է՝ սադրիչին մեկուսացնում են, իսկ քաղաքացուն բերման ենթարկում։
«Մենք տեսանք, որ մեկ ժամ հետո նորից սադրանք եղավ, ու այնպիսի տպավորություն էր, որ հաջորդ սադրանքի համար ճանապարհ էին բացում: Անհասկանալի է՝ ինչո՞ւ սադրիչին պետք է մեկուսացնել, իսկ քաղաքացուն բերման ենթարկել, մնացած սադրիչներին էլ թողնել տարածքում»,- ասաց նա։
Չախալյանը տեղեկացրեց, որ այս պահին փաստաբան է գնում բաժին, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ցանկություն հայտնել՝ այցելելու Դավթյանին և հասկանալու, թե ինչ է կատարվել:
Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Մարիա Զարգարյան