Լաչինի միջանցքը ՀՀ տիրապետության տակ չէ, ՀՀ տարածք չէ, պատասխանատուն ռուսներն են. Պապոյան

Մենք օգտագործում ենք ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՀՀ իշխանության գործադրած ջանքերին ու ընդդիմության դժգոհություններին։ 

Նրա խոսքով՝ առավելագույնը, որ կարող էր անել իշխանությունը, Հաագայի միջազգային դատարան դիմելն ու այնտեղից դատապարտող դիրքորոշում ստանալն էր, որով Ադրբեջանը պարտավորեցվում է բացել միջանցքը, սակայն նույն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը։

«Ադրբեջանը, փաստացի, միջազգային հանրության պահանջը չի կատարում։ Բացի այդ, շատ լավ գիտեք, որ Լաչինի միջանցքը ՀՀ տիրապետության տակ չէ, ՀՀ տարածք չէ, և այն նաև ադրբեջանական կողմի տարածք չէ, այն ռուս խաղաղապահների պահպանման գոտին է, և նոյեմբերի իննի համաձայնագրով նշված է, որ այդտեղ ամբողջովին պատասխանատու են ռուս խաղաղապահները, և փաստացի, Ադրբեջանը խախտել է նոյեմբերի իննի համաձայնագիրը, ու այդ խախտման պատասխանատուն ՌԴ-ն է։ Մենք կոչ ենք անում, որ ՌԴ-ն անի այն, ինչ պարտավորվել է նոյեմբերի իննի համաձայնագրով»,- նշեց Պապոյանը։ 

ՔՊ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ մնացյալ գործիքները՝ հումանիտար, սոցիալական, ՀՀ-ն կատարում է։

«Իհարկե, ես գիտեմ, որ ընդդիմությունը մտածում է, որ ռազմական ճանապարհով պետք է բացել միջանցքը, բայց չգիտեմ՝ ինչ նկատի ունեն նրանք՝ պատերա՞զմ հայտարարել։ Մենք այդ արկածախնդրությանը որևէ կերպ չենք կարող գնալ, մենք շարունակում ենք քաղաքական ու դիվանագիտական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչպես նաև բյուջետային աջակցություն ցույց տալ Արցախին և Արցախի մեր հայրենակիցներին»,- ասաց պատգամավորը։ 

Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բացելու համար պետք է եռակողմ հայտարարություն ստորագրած պետությունները պարկեշտ կատարեն պայմանագրի կետերը, արդյո՞ք Հայաստանին ևս նկատի ուներ նա, Գևորգ Պապոյանն արձագանքեց․ 

«Ես չգիտեմ նոյեմբերի իննի պայմանագրի մի կետ, որ Հայաստանը չի կատարել, կամ պատրաստ չէ կատարել։ Կետերից մեկով պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնվի և սահմանները բացվեն։ Հայաստանը պատրաստ է իր ինքնիշխանության սահմաններում թույլ տալ ադրբեջանական բեռնափոխադրումներ իր տարածքով։ Եվ մենք էլ պետք է կարողանանք օգտվել ադրբեջանական ճանապարհներից։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Լավրովը»,- նկատեց նա։

Ըստ նրա՝ Հայաստանը ճանապարհներ կարող է տրամադրել, քանի որ քաղաքակիրթ աշխարհի մաս է, և հենց այդ տրամաբանությամբ էլ տեղի են ունենում դիվանագիտական աշխատանքներ։

«Մենք նույն ՌԴ-ի հետ հարաբերություններում ամեն օր այս հարցը բարձրացնում ենք։ Ու եթե մեզ ընդդիմությունը մեղադրում է, պետք է նաև այլընտրանք առաջարկի։ Երբ հարցնում ենք՝ լավ, բա ի՞նչ պետք է անենք, որ չենք արել, լեզուները կապ է ընկնում։ Հոդաբաշխ միտք այսքան ժամանակ չեմ լսել, թե ինչ պետք է անենք։ Ամեն ինչ զրո է, դատարկություն։ Այստեղ էլ ավելի է ամրապնդվում զգացողությունը, որ այն, ինչ արվում է, ուղղակի ճիշտ է արվում»,- նկատեց ՔՊ-ական պատգամավորը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը կոչ է անում գոնե ՌԴ-ի հետ հարաբերությունները չփչացնել, իսկ երեկ ՌԴ ԱԳ նախարարն ակնարկեց, որ Արևմուտքը սեպ է խրում ՀՀ-ՌԴ հարաբերություններում, Գևորգ Պապոյանն արձագանքեց․

«Հարաբերությունները ՌԴ-ի հետ պահպանվում են, ատևտրատնտեսական հարաբերությունները երբեք այս աստիճանի չեն հասել։ Մենք ՌԴ-ի հետ ոչ մի խնդիր չունենք։ Այլ բան է, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում Հայաստանի նկատմամբ։ Դա մենք չենք կարող ընդունելի համարել։ Մենք շատ ուրախ կլինենք, որ ՀԱՊԿ զորախումբը գա Հայաստան, բայց մինչև Հայաստան գալը պետք է ասեն՝ որտեղո՞վ է անցնում Հայաստանի սահմանը, որտեղով՝ Ադրբեջանինը։ Եթե դա չեն նշում, ապա ի՞նչն են պաշպտանելու։ Կարո՞ղ է ադրբեջանցիներն առաջ գան, իրենք էլ ասեն՝ դե սահման չկա, ինչ ասենք»։ 

Միևնույն ժամանակ, Պապոյանը նկատեց՝ եվրոպացիները լավ թե վատ, առաջարկում են հստակ սահմաններ, ինչ-որ մի բան ճանաչում են, ասում են՝ սա Ադրբեջան է, սա՝ Հայաստան։ Ճշտող հարցին, թե այս դեպքում կարելի՞ է ենթադրել, որ ՔՊ-ի համար ընդունելի է «խաղաղության պայմանագրի» արևմտյան տարբերակը, Պապոյանը պատասխանեց, որ չի կարելի նման ենթադրություն անել, քանի որ արևմտյան տարբերակ, ցավոք կամ բարեբախտաբար, չկա։

«Արևմտյան տարբերակ հասկացություն չկա։ Չկա ուղղակի։ Խաղաղությունից մենք վախենում ենք, բայց դրանից չպետք է վախենալ։ Խաղաղությունը լավ բան է, ցավոք, չկա «խաղաղության պայմանագիր» Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ամփոփեց խոսքը ՔՊ-ական պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարե Գնունի