Վարդազարյանը պատրաստ է առերեսման, Ջհանգիրյանը՝ պարզ չէ

Վարդազարյանը պատրաստ է առերեսման, Ջհանգիրյանը՝ պարզ չէ

Մամուլում շրջանառվում են լուրեր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սուրեն Խաչատրյանի առաջարկությամբ, հնարավոր է, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը կազմակերպվի:

MediaHub.am-ը փորձեց ճշտել, թե որքանով է տեղեկությունը ճիշտ և արդյո՞ք կողմերը պատրաստ են հանդիպման։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ նման տեղեկություն չունի, բայց իրատեսական է համարում առերեսումը։

«Ավելին ասեմ՝ նույնիսկ անխուսափելի է։ Ես, իհարկե, պատրաստ եմ առերեսման»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրել էր ասուլիս, որի ժամանակ հրապարակեց աղմկահարույց ձայնագրություն, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականին փորձել է իրեն պարտադրել հրաժարական տալ։ Ձայնագրության հրապարակումից օրեր անց Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեում վերոնշյալ ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը, սակայն, դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։

Մոտ մեկ շաբաթ առաջ գործը վերաբացվել է, որը Վարդազարյանի համար փոքր ինչ անակնկալ էր։

«Բայց վերաբացումը, այսպես ասած, դրական արդյունք չի ունենալու, քանի որ համարում եմ՝ Գլխավոր դատախազությունը պարզապես հասկացել էր, որ նախորդ նախաքննական մարմինը ահռելի բացթողումներ ուներ գործում և այժմ վերաբացել է, որպեսզի այդ բացթողումները վերացնի։ Կարծում եմ՝ գործը կրկին կարճվելու է, պարզապես ավելի գրագետ ձևով»,-ասաց նա։

Հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանի հետ զրուցե՞լ են, պատրաստ է առերեսման, վերջինս պատասխանեց․

«Չեմ զրուցել, դեռ չեմ էլ պատրաստվում, նրա հետ կխոսեմ միայն առերեսման ժամանակ»։

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանն էլ MediaHub.am-ի զանգին պատասխանեց, շնորհավորեց անցած տոները, բայց նշեց, որ որևէ հարց լսել չի ուզում, չնայած, որ արդեն հասկացել է, թե ինչ հարցեր են հնչելու, բայց պատասխանել չի ուզում։

 

Լիաննա Թորոսյան