Ամեն ինչ անում են, բայց՝ ոչինչ չեն անում․ փոքրիկներին Արցախ հասցնելու համար անգամ Կարմիր Խաչին չեն դիմել

Արցախի գերության 11-րդ օրն է․ 270 անչափահասներ դեկտեմբերի 12-ից սկսած մնացել են առանց ծնողների խնամքի, և պարզ էլ չէ, թե երբ թշնամին կբացի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ու երեխաները երբ կկարողանան վերադառնալ ընտանիք։
Իսկ ի՞նչ է արվում գոնե երեխաների համար հումանիտար միջանցք բացելու ուղղությամբ․ հարցի պատասխանը հստակ չէ, ոչ ոք չունի կոնկրետ լուծում կամ առաջարկ։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրինակ, այսօր հանդիպել է Հայաստանում մնացած երեխաների ծնողներին, նրանց ներկայացրել է դրությունը, ասել, որ պետք է պատրաստ լինեն, որ այս իրավիճակը կարող է երկարատև լինել։ Ապա հավելել է, որ իրենք ամեն բան անում են Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Միևնույն ժամանակ, այսօր Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում նշեց, որ Ադրբեջանի ապօրինությունների հետևանքով ընտանիքներ են մասնատվել, երեխաները զրկվել են ծնողներից, ապա ասաց, որ իրավիճակի պատասխանատուն Ադրբեջանն է, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը, որը պարտավոր էր ապահովել Լաչինի միջանցքով մեքենաների անվտանգ երթևեկությունը։
Թե ինչ շոշափելի քայլեր են արվում հայտարարություններից անդին, հայտնի չէ․ համենայն դեպս, անգամ Կարմիր խաչին մինչ այս պահը դիմում չի ներկայացվել, որ գոնե երեխաների համար հումանիտար միջանցք բացվի և հնարավորություն ստեղծվի նրանց Արցախ հասցնելու։
«Նախաձեռնողական որևէ գործողություն Կարմիր Խաչը չի իրականացնում, այսինքն՝ մեզ պետք է դիմեն, որ մենք էլ կարողանանք որևէ քայլ անել։ Այս դեպքում իշխանությունները պետք է մեզ դիմեն, մենք պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն դեռ որևէ դիմում չենք ստացել այդ երեխաների համար պատասխանատու կառույցներից»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ մարդկանց տեղափոխումը՝ ում և ինչպես, որոշում են համապատասխան կառույցները, «Կարմիր Խաչը» միջնոդրություն ներկայացնողն է, սակայն նրան էլ պետք է իշխանությունները դիմեն։
Այս պարագայում, ըստ Ամատունու, և՛ ՀՀ, և՛ Արցախի իշխանությունը պետք է դիմում ներկայացնի։
Նարե Գնունի