ՀՀ իշխանությունը 2 մլրդ է հատկացրել Թուրքիայի հետ փակ սահմանը սարքելու համար

2020թ․-ի հունիսին, երբ դեռ տեղի չէր ունեցել 44-օրյա պատերազմը, և ընդհանրապես որեւէ հայտարարություն, խոսակցություն չի եղել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ, ՀՀ կառավարությունը 2 միլիարդից ավելի գումար է հատկացնում փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար․ MediaHub-ի հաղորդմամամբ՝ խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ փաստեր ներկայացնելով առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկը տրվել է հայ ժողովրդից գաղտնի։ 

Արարատ Միրզոյանի՝ Անկարայից Երեւան գալուց հետո հայտարարվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Անիի կամրջի վերանորոգման շուրջ։ Այդ մասին ասուլիսում հայտարարեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ իր խոսքում նշելով, որ կարգավորման գործընթացում արվող քայլերից մեկը պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի վերանորոգումն է։ 

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս տարիներ առաջ, մինչդեռ Հայաստանի իշխանություններն այդ մասին հայտարարում են հիմա։

«2023թ-ի փետրվարին են հայտարարում, որ կամուրջը պետք է համատեղ վերանորոգվի, բայց մի քանի թուրքական աղբյուրների հաղորդագրություններում ասվում է, որ դեռ 2017թ․-ին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարն ու ծովագնացության, կապի եւ տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ, ապա Անիի կամուրջ ու խոսել են կամրջի ապագայի մասին։ Դրա մասին 2019թ․-ին խոսել է նաեւ Թուրքիայի բնապահպանության նախարարը։  Արդեն 2019թ․-ի հունիսի 23-ին Թուրքիայի կապի նախկին նախարարը, որը Կարսից ընտրված պատգամավոր էր, հայտարարում է, որ Կարսի հատվածի երկաթուղային վարչությունը մրցույթ է հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար եւ դրա մասին Թուրքիայում պաշտոնապես հայտարարվել ու գործողություններ են սկսվել»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով՝ իրականում հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որեւէ կապ չունեն։  Պատգամավորի խոսքով՝ 2020թ․-ի հունիսի 25-ին Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնց սկզբնաղբյուրը եղել է «Էրմենիհաբեր» կայքը։ 

«Սա վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների “կարգավորման գորընթացը” լոկ ծխածածկույթ է՝ գեղեցիկ, փոքրիկ դետալների մի ամբողջ հավաքածու, որը հրամցնում են մեր ժողովրդին՝ իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ։ Տպավորություն է, որ 2022թ․-ի հուլիսի 1-ին առաջին անգամ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը համաձայնություն են ձեռք բերել այդ ճանապարհը բացելու մասին»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։