Մենենդեսը քննադատել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին՝ ԼՂ-ի առջև ծառացած խնդիրներին ուշ արձագանքելու համար

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք պետք է իրադարձություններին արագ արձագանքենք ու նաև անդրադառնանք դրանց հիմնական պատճառներին»,-ասել է Մենենդեսը:
Սենատորը հիշեցրել է, որ անցյալ տարի հայտարարվել է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին 40 միլիոն օգնություն տրամադրելու ծրագրի մասին: Մենենդեսը մտահոգություն է հայտնել, որ «այդ գումարը կկիսվի օգնության մի շարք առաջնահերթությունների միջև», և օգնությունը չի հասնի Լեռնային Ղարաբաղում խոցելի հայ բնակչությանը: