Դատախազները բնականոն հունով շարունակում են իրենց գործունեությունը․ արտառոց փոփոխություններ չկան. Գլխավոր դատախազի խորհրդական

Որևէ արտառոց փոփոխություններ չկան կադրային տեղաշարժերի առումով: Բնականոն հունով դատախազները շարունակում են իրենց գործունեությունը:Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակմամբ։ «Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, եւ տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը համակարգից չէ, ուստի, գլխավոր դատախազի հետ կապը կտրվում է, եւ դատախազների համար առավել բարդ շրջան է սկսվում։ Չի բացառվում, որ շատ դատախազներ լքեն համակարգը»,- գրել էր օրաթերթը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին վարչապետի օգնական 36-ամյա Աննա Վարդապետյանը խորհրդարանում 70 կողմ, 0 դեմ իշխանական պատգամավորների ձայներով ընտրվեց որպես գլխավոր դատախազ՝ 6 տարով։
Լիաննա Թորոսյան