Որսորդական փամփուշտներ են եղել, խառնել են, ասում են՝ «մարտական են»․ Այվազյանը՝ դատախազության հաղորդագրության մասին

Որսորդական փամփուշտներ են եղել, խառնել են, ասում են՝ «մարտական են»․ Այվազյանը՝ դատախազության հաղորդագրության մասին

Երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ, որը քննվում էր ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։

Ըստ այդ հաղորդագրության՝ Վարդան Այվազյանն իր տանը ապօրինի զինամթերք է պահել, որի վերաբերյալ հարուցված գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան։

Մասնավորապես, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ:

Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
MediaHub-ն այս առիթով կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ։

Վերջինս ասաց, որ սա 2020 թ․ նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված ու վերջերս կարճված գործի շրջանակներում առանձնացված մաս է։ Այդ զինամթերքը հենց այդ դեպքերից հետո իր տանը կատարված խուզարկության ժամանակ են հայտնաբերել։

«Էն 2020 թվականին Արարատ Միրզոյանի ծեծի հետ կապված գործով էր, էդ գործը կարճել են: Բայց խուզարկության արդյունքում մի քանի հատ փամփուշտ են գտել տանը, որսորդական հրացանի, և ուղարկել են դատարան էդ գործը»,- ասաց նա։

-Իսկ ինչ եք կարծում, դատարանում կարդարացվե՞ք, թե՞ կկարողանա դատախազությունն ապացուցել մեղադրանքը։
-Դե, ի՞նչ կարող եմ ասել դատարանի մասով, կգնանք-կտեսնենք՝ դատարանում ինչ է լինում։

-Իսկ այդ փամփուշտները, որ գտել են, ապօրինի՞ էին պահվում Ձեր տանը, թե՞ իրենք են այդպես համարում, որ ապօրինի է։
-Չեմ կարող ասել։ Ապօրինին ո՞րն է, ենթադրենք՝ էդ փամփուշտները եղել են իմ տանը, ավելի շուտ՝ էդ փամփուշտները շփոթել են։ Մի հատ հրացան ունեի որսորդական, որ գնում էի որսի, էդ նույն փամփուշտը գնում է նաև «АКМ»-ին։ Այսինքն՝ որսորդական փամփուշտներ են եղել, իրենք խառնել են, ասում են՝ «մարտական են», հիմա էքսպերտիզան դա է տվել։ Ես էլ ո՛չ որսորդ եմ, ո՛չ էլ որսի զենքեր են եղել։ Հրացանները վերադարձրել եմ, փամփուշտները մնացել են, հիմա դա էլ ուղարկել են դատարան։

-Դուք սրա տակ քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ եք, չնայած որ Դուք ակտիվ չեք, քաղաքական առումով ակտիվություն չեք ցուցաբերում։
-Դե, էդ գործը էն ժամանակվանից քննվում է, մինչև էսօր էլ էդ գործը քննվում է, չէ՞, էդ հեղաշրջում նախապատրաստել, բան․․․ Իսկ քաղաքական՝ չեմ կարծում, էլի, եթե քաղաքական լիներ՝ էն գործը չէին փակի։ 

-Այսինքն՝ զուտ իրավակա՞ն գործընթաց է։
-Հա, ինձ թվում է՝ իրավական գործընթաց է, վերջում կերևա։

-Իսկ հնարավո՞ր է՝ խափանման միջոցը փոխեն ու կալանավորման տանեն։
-Չեմ կարծում, եթե իրենք կալանավորման ուզենային տանել, շուտվանից կտանեին, սա նոր գործ չի, 2020 թվականի գործ է։

Վահե Մակարյան