Փախստականների համար ՀՀ-ում կացարան է կառուցվում, որտեղ կարող են ապրել նաև թուրքերն ու արդբեջանցիները

Փախստականների համար ՀՀ-ում կացարան է կառուցվում, որտեղ կարող են ապրել նաև թուրքերն ու արդբեջանցիները

Հայաստանի ՆԳ նախարարությունը մարտի 23-ին հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանի շինարարական աշխատանքներն այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, և նախատեսված է մինչև 120 ապաստան հայցողի համար: 

«Օտարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում»,- ասված էր ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։

MediaHub-ը գերատեսչությունից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք փախստականի կարգավիճակ կարող են ստանալ նաև Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու դրանց վերաբերյալ ՆԳ նախարարության պատասխանները։

1. MediaHub. 2020 թվականի պատերազմից հետո տեղահանված արցախցիներն արդյո՞ք Հայաստանում ստանում են փախստականի կարգավիճակ, և արդյո՞ք նրանք ևս կարող են բնակվել նշված բազմաբնակարանային համալիրում։ Եթե այո, ապա քանի՞ արցախցի է 44-օրյա պատերազմից հետո ստացել փախստականի կարգավիճակ։

ՆԳՆ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ 

Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»-ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։

2. Mediahub. Արդյո՞ք Թուրքիայի քաղաքացիները, օրինակ՝ վերջին երկրաշարժից տուժած, կարող են ՀՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ, և արդյո՞ք 2020-ից հետո փախստականի կարգավիճակ ստացած Թուրքիայի քաղաքացիներ կան Հայաստանում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք։

ՆԳՆ․ Համաձայն Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքի հոդված 6-ի 1-ին մասի՝ փախստական է համարվում`
1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը իր նախկին մշտական բնակության երկիրը համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

Թեև մեր երկորրդ հարցը հստակ ու ամբողջական պատասխան չի ստացել, բայց համաձայն վերոգրյալ դրույթների՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն էլ, եթե իրենց հայրենիքում վտանգ են զգում, կարող են դիմել ու մեր երկրում ստանալ փախստականի կարգավիճակ, ուստիև բնակվել փախստականների համար նախատեսված կացարանում։

Նարե Գնունի