Արցախը` հատուկ ռեժիմում

Շաբաթ և կիրակի օրերին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ, եղել է Մարտակերտում և Մարտունիում:
Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք հեռանան, Մարտակերտում ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy», - նշել է նա:
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պետք է ընդունել, որ նոյեմբերի 9-ից հետո խաղաղություն չկա, և ըստ էության, պատերազմը շարունակվում է:
«Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք», - հայտարարել է պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, երկու կարևոր շեշտադրում է անում:
Առաջինն այն է, որ Արցախի պետական, կառավարման համակարգերը, հասարակությունը պետք է ադապտացվեն նոր իրողություններին՝ բացառելով արտոնյալ խմբերի, նրանց շահերի գոյությունը: Միայն արդարության հիմքով է հնարավոր հասնել հանրային կոնսոլիդացիային՝ որպես արդյունավետ կառավարման ու արտաշխարհի հնարավոր աջակցությունը ստանալու գործիք:
Վարդանյանն այս գերնպատակին է ծառայեցնում նաև ամենօրյա լայվերը, որոնք, ըստ էության, օպերատիվ կառավարման միջոց են:
Եթե Արցախը կարողանա լուծել ներքին արդյունավետ կառավարման խնդիրն, անշուշտ՝ կարող է ակնկալել նաև միջազգային աջակցություն:
Երեկ, մասնավորապես, շատ կարևոր ուղերձ է ստացվել Վատիկանից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում՝ Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի համար: Կիրակի օրը Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել գտնել խաղաղ լուծում գտնել՝ հանուն մարդկանց բարօրության:
Բաքուն, վաղ թե ուշ, տեղի է տալու միջազգային ճնշմանը: