«Չելսին» որոշել է ազատվել ուկրաինացի կիսապաշտպան Մուդրիկից

«Չելսին» որոշել է ազատվել ուկրաինացի կիսապաշտպան Մուդրիկից

Ուկրաինացի կիսապաշտպան, եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը ամռանը գուցե հեռանա Լոնդոնի «Չելսիից»։ Գրել է Give me Sport-ը;

Ըստ աղբյուրի՝ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը անբավարար առաջընթաց է ցուցաբերում ու չի ազդում թիմի խաղի վրա։ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է ազատվել ֆուտբոլիստից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մուդրիկը բազմիցս քննադատության է ենթարկվել իր պահվածքի համար։ Երկրպագուները քննադատել են ուկրաինացուն ռուս մոդել Վիոլետտա Գրաչևայի հետ հնարավոր կապի պատճառով։ Նրան մեղադրել են նաև մարզասրահում «մի տարեց տղամարդու նվաստացնելու և ռասիստ լինելու համար»։

Ուկրաինացին «Չելսի» է տեղափոխվել «Շախտյորից» 2023 թվականի հունվարին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 29 հանդիպում, դարձել 5 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ։