Ազգային ընդդիմությանը թիրախավորում են ՔՊ-ն ու Իլհամ Ալիևը 

Ազգային ընդդիմությանը թիրախավորում են ՔՊ-ն ու Իլհամ Ալիևը 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը «երկար կյանք» չունի Հայաստանում և իր հետ ցանկացած  պայմանավորվածություն առ ոչինչ է: Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմության համազգային պայքարն ուղղված է հայոց պետականության փրկությանը՝ ՔՊ-ականները ծպտուն չեն հանում, երբ Ալիևը հակահայկական հայտարարություններ է անում և նշում, որ ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի: Ընդդիմության պայքարն ուղղված է թե՛ ՔՊ-ականների դեմ, թե թուրք-ադրբեջանական ուժերի: Քանի դեռ Երևանում իշխանության են Փաշինյանն ու թիմը, ադրբեջանական զորքերը նոր դիրքեր են գրավելու, հայ զինվորներ են զոհվելու, իսկ Արցախը՝ հայաթափվելու է:

Հայոց պետականության անկումը թույլ չտալու համար ընդդիմությունն ամենօրյա պայքար է մղում փողոցներում, հրապարակներում՝ թիրախավորվելով թե՛ ՔՊ-ական պատգամավորների, ֆեյքերի, ինչպես նաև` ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Ալիևը չի ցանկանում Երևանում «նախկինների» վերադարձ իշխանության, քանի որ «նախկիններն» են ազատագրել Արցախը, պարտության են մատնել նրա հորը՝ Հեյդար Ալիևին, իսկ Շուշիում ծածանել հայկական դրոշը:

Պետականամետ, հայամետ ուժերի վերադարձը ՀՀ-ում իշխանության մահացու է ալիևյան ռեժիմի համար: 
Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ հզոր պետություն, հայկական Արցախ և Սյունիք, մարտունակ բանակ՝ ՔՊ-ին հեռացնելն այդ նպատակներին հասնելու առաջնահերթ քայլն է:

Վահրամ Բագրատյան