Քանի՞ առևտրականի ապրանք է բռնագրավվել այսօրվա «ռեյդի» ընթացքում․ պարզաբանում 

Քանի՞ առևտրականի ապրանք է բռնագրավվել այսօրվա «ռեյդի» ընթացքում․ պարզաբանում 

Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ այսօր Երևանի փողոցներում բռնագրավել են փողոցային առևտրով զբաղվող մարդկանց ապրանքները։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տուգանքները պարբերական բնույթ են կրում, ամենօրյա շրջայցեր են իրականացվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։ 

«Մարդկանց ավելի շատ հորդորում ենք, որ չիրականացնեն փողոցային առևտուր, շեշտը չենք դնում տուգանքների վրա, բայց այն քաղաքացիները, որոնք մեր աշխատակիցների զգուշացնելուց հետո շարունակում են իրականացնել առևտուրը, այդ քաղաքացիների նկատմամբ իրականացվում է տուգանք։ Այսօր ումից ապրանքը բռնագրավեցինք, ամեն մեկից 10 անգամ արդեն բռնագրավել և զգուշացրել էինք»,- ասել էր Գյուլզադյանը։ 

MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ հասկանալու, թե որքան առևտրականի ապրանք են բռնագրավել այսօրվա «ռեյդի» ընթացքում։ 

«Այն ընթացքում, որի ժամանակ լրատվամիջոցներն էլ են մասնակցել, ընդհանուր կազմվել է վեց արձանագրություն»,- ասացին քաղաքապետարանից՝ հավելելով, որ եթե դա փչացող ապրանք չէ, ետ է վերադարձվում, իսկ եթե ապրանքը փչացող է, բնականաբար, չի օգտագործվում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն առևտրականներին այսօր հորդորում էր, որ օրենքն այդպես է նախատեսում, իսկ միջոցառումները շարունակական են լինելու, և արդյունքները նկատելի կլինեն: