Արցախում ցեղասպանություն է, պահն է՝ եկեղեցու բոլոր զանգերը հնչեցնելու

Պարենի հավաքագրում էլ ենք իրակացնում, քանի որ պարենի խնդիր Արցախում կա, մենք անընդհատ կապի մեջ ենք։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սեդա Գրիգորյանը, որը միացել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախահայության համար անցկացվող հացադուլին, որը հայտարարել են հայ կանայք։ 

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ ալյուր կա, ու հաց թխվում է, ապա հացի մատակարարում իրականացնել չի ստացվում՝ պայմանավորված դիզվառելիքի սակավությամբ։

«Ցեղասպանությունն արդեն տեղի է ունենում, և մենք հիմա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ենք, քանի որ ՄԱԿ-ը կարող է միջամտել ցեղասպանական գործողություններին։ ՄԱԿ-ը պետք է անհապաղ քայլեր անի։ ՄԱԿ-ի պարենային ծրագիրն էլ այստեղ ունի գրասենյակ, ու իրենց գործն է աջակցել արցախահայությանը։ Հիմա մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի մեքենաները կուղեկցեն մեզ ու կկարողանանք անվտանգ ձևով պարեն հասցնել Արցախ»,- նշեց Սեդա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հակարի կամրջին մոտենալու ջանքեր են գործադրում արցախցիները, և այստեղից պետք է նրանց ընդառաջ գնալ, ու ոչ դատարկ ձեռքով։

«Մենք երեկ նամակ ենք փոխանցել ԱԳՆ, որպեսզի ՄԱԿ նաև պաշտոնական գրություն ուղարկվի։ Քայլեր պետք է նաև Կառավարության կողմից արվեն։ Այս պահին տեսնում եմ, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվում Կառավարության կողմից։ Այո՛, պետք է նաև եկեղեցու բոլոր զանգերը հնչեցվեն։ Պահն է»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։