Ջրծաղիկով վարակված 9 տարեկան երեխա է մահացել․ մանրամասներ

Ջրծաղիկով վարակված 9 տարեկան երեխա է մահացել․ մանրամասներ

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղիկի հետևանքով երեխա է մահացել։

Քանի որ ԲԿ-ն քաղաքապետարանի ենթակայության ներքո է, MediaHub-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հավաստի են տարածվող լուրերը, և եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում է երեխայի մահն արձանագրվել։

Ի պատասխան մեր հարցի՝ Կոստանյանը նշեց, որ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։

«Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։ 

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա  վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: 

Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ»,- ներկայացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հայկ Կոստանյանի խոսքով՝ մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նարե Գնունի