Առանց վարորդականի երթևեկության արտահերթ քննության հնարավորություն․ ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

Առանց վարորդականի երթևեկության արտահերթ քննության հնարավորություն․ ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։

«Հարկ է նշել նաև, որ նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն»,- ասված է նախագծում։

ՆԳՆ-ն առաջարկել է սահմանել պետական տուրք վարորդական և հաշվառման վկայականների թվային տարբերակների տրամադրման համար՝ նույն չափով, ինչ ֆիզիկական տարբերակների դեպքում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ գործող վարորդական վկայական ունեցողը կարող է դիմել ու ստանալ թվային վկայական։

Ըստ նախագծի՝ կարգավորումները կնվազեցնեն քաղաքացու բյուրոկրատիկ ծանրաբեռնվածությունը և կնպաստեն գործընթացների թվայնացմանը՝ առանց ՆԳՆ ստորաբաժանում այցելելու։ Հաշվառման վկայագրերն ու պետհամարանիշները հնարավոր կլինի ստանալ փոստային առաքմամբ՝ մինչև բնակության հասցե։ Նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք նաև հաշվառման փաստաթղթերի առաքման համար։

Առաջարկվում է սահմանել արտահերթ քննության մասնակցության նոր մեխանիզմ։ Ըստ ՆԳՆ-ի՝ հանրային պահանջարկով պայմանավորված՝ առաջարկվում է տեսական կամ գործնական քննության մասնակցության արտահերթ հնարավորություն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար։

Պետտուրքի չափը կախված կլինի այն օրվանից, որը վարորդի թեկնածուն կնախընտրի քննության համար: Նշվում է, որ այն դեպքում, երբ թեկնածուն ցանկանա հաջորդ օրը կրկին քննություն հանձնել, կվճարի 45,000 դրամ, եթե 3-րդ օրը՝ 30,000 դրամ։

Անհաջող փորձերից հետո քննությանը մասնակցելու համար պետք է վճարել նույն չափով՝ կախված օրերի ընդմիջումից։

«Տեխնիկական զարգացումներն ու քաղաքացիների թվային հասանելիությունը հնարավորություն են տալիս բարեփոխել գործող գործընթացները՝ առանց որակի կորստի, բայց ավելի հարմար՝ քաղաքացիների համար»։

Նախագծով առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե Ազգային ժողովը հաստատի։