Պապոյանը որևէ խնդիր չի կարողանում լուծել, հարևան Վրաստանի պաշտոնական անունն անգամ ճիշտ չգիտի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր խոստովանեց, որ Վրաստանի սահմանին հարկադիր կերպով կանգնած հայկական բեռնատարների հարցը իրենք չեն լուծել։ Իսկ չեն լուծել, որովհետև չեն կարողանում և ի զորու չեն։ Այդ է պատճառը, որ երկու օր առաջ կոնյակ և ալկոհոլային այլ տեսակի խմիչք արտահանող ընկերությունները հավաքվել էին Վրաստանի դեսպանատան առջև և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ Վրաստանի կառավարությունը գոնե ընդառաջ գնա իրենց պահանջին և լուծի իրենց խնդիրը։
Իրականում, այս հարցը պետք է լուծվեր երկու երկրների կառավարությունների մակարդակով, ու թեև նույն Պապոյանը նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո MediaHub-ին վստահեցրել էր, թե իրենք աշխատում են իրենց վրացի գործընկերների հետ, և արդեն ունեն արդյունք՝ որոշ բեռնատարներ բաց են թողել, բայց փաստն այն է, որ խնդիրը չի լուծվել։
Այս մասին այսօր հիշեցրինք Պապոյանին՝ նկատելով նաև, որ դեսպանատան առջև իրականացրած ակցիայից հետո վրացական կողմը որոշակիորեն լուծել է խնդիրը, բայց կան բեռնատարներ, որոնք դեռ սպասում են հայ-վրացական սահմանին։ Սրան ի պատասխան՝ ՔՊ-ական նախարարն ասաց․ «Այո, որոշ մեքենաներ թողնվել են, բայց, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ խնդիրը լուծված չէ, որովհետև խնդրի լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ․․․ նախ հասկանանք, թե ինչն է պատճառը»։
Իսկ երբ հարցրինք՝ պա՞րզ չէ իրենց համար, թե ինչն է պատճառը, Պապոյանը՝ լինելով կառավարության անդամ ու ոլորտի ղեկավար, որը մեկ շաբաթ առաջ էր հանդիպել վրացի պաշտոնյաների հետ, ասաց․ «Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են, և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում տալ։ Եվ ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, և թերևս այս անգամ ես կայցելեմ Վրաստանի Հանրապետություն՝ ևս մեկ անգամ հարցերը տեղում հասկանալու»։
Նկատենք, որ Պապոյանն անգամ չգիտի Վրաստանի իրական անունը, որը առանց հանրապետության է՝ ուղղակի Վրաստան, այսինքն՝ չգիտի մեր դարավոր հարևան պետության պաշտոնական անվանումն ինչ է, բայց ուզում է այդ սխալ իմացությամբ գնալ և ճիշտ բանակցություն վարել։
Երկրորդ, նկատեցինք, որ մարդիկ ասում են՝ կառավարությունը ի զորու չէ կամ չունի բավարար ունակություն հարևան ու բարեկամ Վրաստանի հետ այս խնդիրը լուծելու, երկրորդ՝ վարկած կա, որ գուցե կառավարությունն ինքն է ուղղորդել արտահանողներին, որ ակցիա իրականացնեն Վրաստանի դեսպանատան դիմաց, քանի որ տեսել են՝ իրենք չեն կարողանում լուծել խնդիրը։
Այս երկու դիտարկմանն էլ Պապոյանը կարճ պատասխանեց՝ ոչ։ Բայց փաստն այն է, որ իրենք ու անձամբ ինքը՝ նախարար Պապոյանը, չի կարողանում որևէ խնդիր լուծել ոլորտի շահառուների, այս դեպքում՝ արտահանողների համար։ Առհասարակ, ոլորտի ներկայացուցիչների մոտ մեծ է դժգոհություն կա Գևորգ Պապոյանից, ասում են՝ ամենաանկարող և անհաջող նախարարն է, որը կոմպետենտ չէ, չի տիրապետում ոլորտի խնդիրներին և ոչ մի հարցի չի կարողանում լուծում տալ։
Վահե Մակարյան