Ողբերգական վիճակագրություն․ «մարդակեր» վրաերթերի քրոնիկան

Ողբերգական վիճակագրություն․ «մարդակեր» վրաերթերի քրոնիկան

Վերջին տասը օրվա ընթացքում մայրաքաղաքում վրաերթի հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել։ Դեպքերից մեկում մահացողը հղի կին էր, որը վրաերթի էր ենթարկվել «Մալիբու» այգու դիմաց՝ ստորգետնյա անցման մոտակայքում, իսկ մյուսում՝ մահացողը 49-ամյա տղամարդ էր, որը վրաերթի էր ենթարկվել Չարենցի փողոցում՝ վերգետնյա անցման մոտակայքում։

Նման դեպքերը, ցավոք, մեր օրերում դարձել են սովորական։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կողմից MediaHub-ին տրամադրված պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել է 54 քաղաքացի (հղի կինը համարվում է մեկ մարդ, խմբ․): 

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ամենօրյա ռեժիմով նախազգուշացնող աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքում, հետիոտներին հորդորում են սահմանված հատվածով հատել ճանապարհը, երկրորդ անգամ նույն խախտումը թույլ տվողներին էլ տուգանում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 դրամով։

«Այս տարվա 11 ամիսների ընթացքում տուգանվել է 13.830 քաղաքացի՝ ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելու համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի պետ Արման Սայադյանը։

Նշենք, որ քաղաքացիներն էլ իրենց պատճառաբանություններն ունեն․ երբեմն ճանապարհն անցնելու համար կես կմ պետք է քայլեն, որ անցումին հասնեն, ինչը հարմար չէ, երբեմն էլ ուղղակի շատ են շտապում։ Մեզ հանդիպած քաղաքացիների մեջ կային մարդիկ, որ չգիտեին՝ մոտակայքում որտեղ անցում կա, ուստի ճանապարհը հատում էին ամենաանվտանգ թվացող հատվածով։

Նարե Գնունի