Իշխանական պատգամավորների ճամփորդությունները, ՔՊ-ն նիստեր չի անում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Սակայն, ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ներքաղաքական հավասարակշռության, թե՛ հաշվետվողականության առումով։
Եվ այսպես, մայիսի 14-16-ը Ռիգայում (Լատվիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Մայիսի 11-14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը, իսկ նույն քաղաքում մայիսի 11-13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը։
Հռոմում (Իտալիա) հունիսի 4-7-ը կայանալիք «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։
Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։
«Հրապարակը» գրում է․
Արդեն երկու շաբաթ է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը վարչության նիստեր չի անում: Սովորաբար, կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի, որից հետո կուսակցության եւ վարչապետի էջերով տարածվում են նիստերից տեսանյութեր, հաղորդագրություններ։ Ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ նախօրեին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել: ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են:
Սակայն թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու բան չունի թիմի հետ, հատկապես որ դեռեւս ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչ անել մայիսի 9-ին։ Արեւմուտքը բացահայտ շանտաժ է անում, որ Մեծ հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնախմբությանը մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի, մյուս կողմից էլ Ռուսաստանն է սկսել հետեւողականորեն զբաղվել Հայաստանով, եւ եթե Փաշինյանը չմեկնի Մոսկվա, ապա կարող են նրան պատժել։ ՌԴ-ն արդեն հաստատել է Հայաստանի մասնակցության մասին, ինչպես նաեւ հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանից նույնպես մի ռազմական ստորաբաժանում կմասնակցի շքերթին, ինչպես Ադրբեջանի դեպքում է` որպես հաղթանակը կերտած հանրապետության մասնակցություն։