Թրամփն անդրադարձել է Մարին Լը Պենի գործին․ վերջինս հայտարարություն է արել

«Ես ուժեղ եմ, թույլ չեմ տա ինձ հեռացնել», հայտարարել է ֆրանսիացի ընդդիմադիր գործիչ Մարին Լը Պենը։
Փարիզի դատարանը մեղավոր էր ճանաչել Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին և նրա ութ համախոհներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների համար ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու գործով, 2.9 մլն եվրոյի չափով հափշտակման համար։
Մարին Լը Պենը 5 տարի չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։ Սա զրկում է նրան 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Լը Պենը նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որի մի մասը կանցկացնի տնային կալանքի տակ:
Լը Պենը վստահություն է հայտնել, որ դեռ հնարավորություն ունի մասնակցելու 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։
Մարին Լը Պենն ասել է, որ «երբեք» չի հեռանա քաղաքականությունից, և որ «նախագահական ընտրություններին իր մասնակցության նեղ ճանապարհ կա, բայց այն կա», գրել են ԶԼՄ-ները։
«Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը դատարանի որոշումը որակել է «քաղաքական» և հայտարարել, որ «օրենքի գերակայությունն ամբողջությամբ խախտվել է»։ Նա նաև խոստացել է շուտափույթ բողոք ներկայացնել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ֆրանսիային՝ Մարին Լը Պենին նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունքից զրկելու համար:
«Սա շատ կարևոր է: Սա շատ մեծ գործ է: Ես գիտեմ դրա մասին, և շատերը կարծում էին, որ նա երբեք չի դատապարտվի», - ասել է Թրամփը:
«Նրան հինգ տարով արգելել են առաջադրվել, և նա առաջատար թեկնածուն էր»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։