Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»։

«Հրապարակ»  թերթը գրում է

Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:

Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում եւ երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը:

Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն:

«Հրապարակ»   թերթը գրում է

Սեպտեմբերի 12-ին ընդառաջ ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով։ Թեպետ «Դիմադրության շարժման ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կվերադառնան միայն սեփական օրակարգով, սակայն հավաստի աղբյուրներից ինֆորմացիա է ստացվել, որ, ի տարբերություն առաջին փորձի, ՔՊ-ն հունվարին մտադիր է մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, որովհետեւ միջազգային հանրությունը, հատկապես` եվրոպական կառույցներն այլեւս դեմ չեն լինի դրան։ «Հայաստան» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունների հակառուսական եւ պրոարեւմտյան շեղումներին զուգահեռ, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր են փորձում իրականացնել՝ տարածաշրջանը, ի դեմս Հայաստանի, իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով։ Ռուսաստանյան քաղաքագիտական եւ դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:

Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական եւ արեւմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ եւ տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:

 

«Իրավունք» թերթը գրում է

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ջալալ Հարությունյանը նախաքննական մարմնին տված ցուցմունքներում չի խնայել եւ որեւէ մեկին: Նրա հարցաքննությունից հետո, ըստ նույն լուրերի, հարցաքննության է հրավիրվել Օնիկ Գասպարյանը, ով եւս հլու հնազանդ ցուցմունք է տվել: Իսկ հիմնական կծիկը, ասում են քանդել է հենց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

Իշխանականներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այս պահին հերթի առաջին համարներում են Օնիկ Գասպարյանը եւ Տիրան Խաչատրյանը»:

«Իրավունք» թերթը գրում է.

«Մինչ ոմանք քննադատում են, հիշեցնում, թե ով էր հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանող «առաջամարտիկը» մյուսները՝ ողջունում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հանրությանը ներկայանալ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, պարզվում է՝ արդեն իսկ սպառվել են ներկայացման տոմսերը:

Ի դեպ, հատկանշական է այն, որ ժամանակին փողոցում անվճար փլավ բաժանող Հայկ Մարությանն այժմ իր ներկայացման տոմսերը վաճառել է 4-20 հազար դրամով»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։ Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում:

«Իրավունք» թերթը գրում է.

«Քաղաքային եւ խորհրդարանական իշխանության ներկայացուցիչները շարունակում են անթաքույց իրենց անձնական հարցերը լուծել պետության հաշվին:

Այսպիսով՝ «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալագիր է հանձնել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի դեմ կատարված մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին՝ Ռ. Հարությունյանի անվան «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր եւ կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանին»: