Որ դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը, Գերագույն մուրացիկը. Մամուլը՝ սուրճով

Որ դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը, Գերագույն մուրացիկը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դատավոր Հովհաննիսյանը դատական համակարգում աչքի է ընկել իր օբյեկտիվ որոշումներով ու մշտապես, առանց կաշկանդվելու, բարձրաձայնել է դատական համակարգում տիրող իրավիճակը։

Ավելին՝ ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով արդեն երկրորդ անգամ դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հեռացվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Նրան հեռացնելով՝ քաղաքական իշխանությունների իրենց ցանկալի դատավորին են առաջ տանում. խոսքը, օրինակ, Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասին է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու «պատճառով» Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, եւ կրկին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խոստացել է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը, ինչպես նաեւ՝ «մեր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը»: «Ավելին»՝ պատրաստ է «որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»:

Սակայն իրականում Հայաստանում թեեւ ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, սակայն այդ ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս։ Անգամ վերակառուցված ճանապարհները վերակառուցումից ամիսներ անց դառնում են ոչ պիտանի։

Մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնվեց, եւ վարորդներին հատկացրեցին Տաթեւ-Աղվանի վերանորոգված շրջանցիկ ճանապարհը։ Սակայն այն չդիմացավ անգամ կես տարի։ 11․08․2022թ․ կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար։ Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե՝ ճանապարհը նախատեսված չէր բեռնատարների համար, միջհամայնքային ճանապարհ էր եւ այլն։

26․07․2023թ․ խորհրդարանում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով՝ ասաց․ «Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետեւում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետեւ ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են եւ անհարմար բացահայտում ստացվեց»։