Սպառված խորհրդարան

Երեկ ԱԺ-ում հերթական լեզվակռիվ-վեճն էր իշխող խմբակցության ու ընդդիմադիր պատգամավորների միջև:
Զզվելի տեսարան էր, հատկապես՝ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի պայմաններում:
Տպավորություն է, որ Հայաստանի խորհրդարանը գործում է մեր իրականությունից դուրս ու սրանով էլ դրսևորվում է Հայաստանում գոյություն ունեցող լատենտ ճգնաժամը, այն ահագնացող անդունդը, որը գոյություն ունի իշխանության և հասարակության, իշխանության և իրականության միջև:
Վստահության մանդատ կոչվածը ՔՊ-ն շփոթում է անպատժելիության, իշխանության հաշվետվողականության ինստիտուտի մերժման, սոցիալական արդարության համակարգի տոտալ արհամարհման հետ:
Նման վարքագծով, իհարկե, կարելի է «հաղթել» այս ընդդիմությանը, որը բարձր որակներով աչքի չի ընկնում, բայց վստահաբար հնարավոր չէ հաղթահարել երկրում կուտակված մարտահրավերները, ապահովել կայունություն և հանրային կոնսոլիդացիա:
Ու դարձյալ անհասկանալի է մնում խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, որն առնվազն մեկ տարի ԱԺ-ում գործում է առանց օրակարգի: «Դիմադրության» շարժման ձախողումից հետո ընդդիմությունը չունի օրակարգ ու գտնվում է ինստիտուցիոնալ պերմանենտ ճգնաժամի մեջ:
Մենք չենք պնդում, թե անպայման պետք է վայր դրվեն պատգամավորական մանդատները, բայց եթե ԱԺ-ում ես, ապա պետք է ոչ թե դեմոկրատիայի դեկորացիա լինել, այլ սպասարկել սեփական օրակարգը: Մյուս կողմից, եթե վայր ես դնում մանդատները, պետք է ունենալ այլընտրանքային քաղաքական բովանդակություն:
Վահրամ Բագրատյան