Վլադիմիր Գասպարյանի նախկին թիկնազորի պետն արդարացվեց․ ինչ է հայտնի

Վլադիմիր Գասպարյանի նախկին թիկնազորի պետն արդարացվեց․ ինչ է հայտնի

Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակել է Արշակ Հակոբյանի գործով եզրափակիչ դատական ակտը։ Այս մասին MediaHub-ի հետ զրուցում հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Վլադիմիր Գասպարյանի նախկին թիկնազորի պետ  Արշակ Հակոբյանը  Հակակոռուպցիոն դատարանի վճռով արդարացվեց։

Նշենք, որ Արշակ Հոկոբյանը, ով հանրությանն հայտնի է որպես «Վովայի Արշակ», մեղադրվում էր հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման մեջ։ 

Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը, 1994-1997 թվականներին ծառայելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, 1997-2011 թվականներին` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, իսկ 2011-2018 թվականներին` ՀՀ ոստիկանությունում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ 2008 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի և որդու՝ Սարգիս Հակոբյանի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության՝ «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊԸ կառավարմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ իր հետ փոխկապակցված անձանց և մերձավորների անվամբ հաշվառված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, վերոնշյալ գործողությունների հետևանքով ստացված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Արշակ Հակոբյանը ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույքեր, որոնք տարբեր ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։