Ցավոտ օրեր են առջեւում, երանի ենք տալու այն օրերին, որում հիմա ենք․ Արցախի պատգամավոր

Ցավոտ օրեր են առջեւում, երանի ենք տալու այն օրերին, որում հիմա ենք․ Արցախի պատգամավոր

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ MediaHub-ը զրուցել է Արցախում ստեղծված խուճապային վիճակի, Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի, Բերձորի միջանցքի փակման եւ այլ հրատապ հարցերի շուրջ։ 

-Տիկին Հակոբյան, Արցախում ապրող մեր հայրենակիցները արդեն 2 ամիս է ադրբեջանական օկուպացիայի մեջ են, սրա վերջը չի երեւում. ո՞վ է բանակցում՝ Բերձորի միջանցքը բացելու համար, կա՞ կոնկրետ անձ, բանակցություններն ի՞նչ փուլում են։ 

-Բանակցություններ առհասարակ չկան այդ ուղղությամբ։ Վերջին անգամ Արայիկ Հարությունյանի եւ ռուս խաղաղապահների միջնորդավորված հանդիպումն էր, որի ժամանակ ադրբեջանական կողմը հոխորտանքներ էր հնչեցրել։ Սա նշանակում է, որ միջանցքի բացումը ավելի լուրջ հարթակներում, դիվանագիտական խողովակներով լուծվող հարց է։ 

-ՔՊ-ականներն ասում են՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն են փակել միջանցքը, թող իրենք էլ բացեն։ 

-Իսկ մենք էլ վստահ ենք, որ սա Հայաստանի իշխանությունների եւ Ադրբեջանի համատեղ սցենարի արդյունքն է։ Այս հանգամանքը Հայաստանի իշխանությունը շատ լավ օգտագործում է, որպեսզի հերթական մեղադրանքներն ուղղի դեպի ՌԴ եւ տեսնում եք։ Որեւէ մեկը չի թաքցնում, որ այլեւս չկան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանի իշխանությունների ձեռքբերումն է։ Նրանք իրենց վեկտորը ուղղել են դեպի Արեւմուտք։
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ասածը իրականություն են դարձնում շատ հանգիստ, սառը՝ հանձնելով 120 հազար հայի բախտի քմահաճույքին։ Հանձնում են Արցախը՝ ուրանալով Հայոց Ցեղասպանությունը, գնում են թուրքերի հետ համագործակցության։ Ցամաքային կապն էլ է բացվել, Միրզոյանը հայտարարեց կամրջի վերանորոգման մասին։ Մի խոսքով՝ խոսվեց, որ «խաղաղության պայմանագրի» մեկնարկը տրված է։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում Պրահայում պայմանավորվածությունների հիման վրա, եւ մեզ համար դեռեւս դաժան ու ցավոտ օրերը առջեւում են։ Երանի ենք տալու այն օրերին, որում հիմա ենք։ 

-Ի՞նչ է կատարվում Արցախի կառավարական օղակներում, անհասկանալի իրավիճակ է։

-Արցախի քաղաքական վիճակը միշտ այսպես է եղել, որովհետեւ պատերազմից հետո անհնար է, որ պարտված իշխանությունը կարողանար կառավարել երկիրը։ Այս իրավիճակը կանխատեսելի է, որովհետեւ պարտված իշխանությունը պիտի շարունակի պարտվողական քաղաքականությունը։ Արայիկ Հարությունյանը բազմիցս ապացուցել է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել Արցախի նախագահ։ Պատերազմից հետո անընդհատ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, այն պահանջը, թե ի վերջո ո՞ւր է երկրի ռազմավարությունը, այդպես էլ կյանքի չկոչվեց։ Երկրի ղեկավարը չհասկացավ, կամ՝ չգիտի, որ երկիրը պիտի ունենա ռազմավարություն։ Վերջին ամիսներին մենք տեսնում ենք, թե ինչ խայտառակ կադրային փոփոխություններ են․ Անվտանգության խորհրդի երրորդ քարտուղարը փոխվեց։ Առ այսօր կառավարությունը ձեւավորված չէ։ Նախագահի ինստիտուտը ավելի շատ քաղաքական ինտրիգներ է հիշեցնում, քան զբաղված է իր գործառույթներով։ 

-Տեղեկությունները, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալու, իրատեսակա՞ն են։ 

-Բավական երկար ժամանակ մենք Արայիկ Հարությունյանին չենք տեսել, որ առիթ լինի հանդիպելու՝ կհարցնեմ։ Կարծում եմ, որ պետք է ուղիղ իրեն հարցնել՝ արդյո՞ք պատրաստ է նման քայլի գնալ։ 

-Սահմանադրական փոփոխությունների հարցը ԱԺ օրակարգ է գալիս ոչ թե փաթեթային, ինչպես ուզում էր ընդդիմությունը, այլ միայն նախագահի լիազորություններին առնչվող հոդվածում փոփոխություններ անելու համար։ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը գնում այս քայլին։ 

-Այս փոփոխությունը ենթադրում է, որ երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակների ժամանակ, եւ ոչ միայն, երբ նախագահը հրաժարական է տալիս, կամ ինչ-ինչ պայմաններում այլեւս հնարավոր չէ, չի կարողանում նախագահել, ԱԺ-ն հնարավորություն է ունենում մինչ հերթական նախագահական ընտրությունները նոր նախագահ ընտրել։ Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա պայմանավորված է Արայիկ Հարությունյանի հրաժարականի ցանկությամբ։ Սա ամենեւին չի նշանակում, որ նա պատրաստվում է հրաժարական տալ։

-Որքանո՞վ է հավանական Սամվել Բաբայանի՝ Արցախի՝ կառավարությունում պաշտոն ստանալը, այդ մասին լուրեր են պտտվում։ 

-Մենք չենք քննարկում այդ հարցը, պատճառ էլ չունենք, քանի որ նրա անունը որեւէ պաշտոնի հետ չի կապվում։ Մենք միայն մամուլում ենք տեսել իր՝ պաշտոն ստանալու հետ կապված լուրերը։

-Բարոյական տեսանկյունից ճի՞շտ է, որ Բաբայանը հայտնվի Արցախի կառավարությունում, հաշվի առնելով նրա քաղաքական հայացքներն ու Հայաստանի իշխանությունների հետ սերտ հարաբերությունները։ 

-Իմ եւ շատերի համար ընդունելի չեն այն անձինք եւ քաղաքական գործիչները, որոնք կապ ունեն Հայաստանի իշխանությունների հետ եւ ունեն նույն հայացքները։ Հուսով ենք, որ պատմությունը չի կրկնվի ու Արցախի իշխանությունում չի հայտնվի Նիկոլի սրտի հերթական թեկնածուն։ 

-Բավական երկար ժամանակ է, ինչ Ռուբեն Վարդանյանը հորիզոնում չէր երևում, փետրվարի սկզբից մինչև 13-ը նա Օպերատիվ շտաբի կամ Կառավարության նիստ չէր վարել։ Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ նա Մոսկվայում է եղել։ 

-Ես չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, հանդիպում չենք ունեցել։ Ռուբեն Վարդանյանը վերջերս օպերատիվ շտաբի նիստեր է գումարել։ Նա ունի իր մեծ դերակատարությունը, որ այսօր Արցախում քաոս ու խուճապ չկա։ Եթե իրականում մենք չունենայինք առողջապահական լուրջ խնդիրները, գազի մատակարարման դադարեցումը, հոսանքազրկումն ու երեխաների՝ դպրոցներ չայցելելը, երեւի թե կողքից նայողը կմտածեր, որ բնականոն հունով Արցախում կյանքը շարունակվում է։ Սա բացառապես պետնախարարի ճիշտ աշխատանքի շնորհիվ է։

Լիա Սարգսյան