ՔՊ-ն պահանջում է պայքարել թմրանյութերի շրջանառության դեմ

Խորհրդարանականները շարունակում են լսել Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականի զեկույցը։ Այս պահին առողջապահական ոլորտն է քննարկվում։ 

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով նախարար Անահիտ Ավանեսյանին, մտահոգություն հայտնեց, որ մեծացել է թմրամիջոցների շրջանառության ալիքը։

Նա նշեց, որ վերջերս ուժային կառույցները ևս մեծ պայքար են տանում այդ ահագնացող չափերի հասած վտանգի դեմ։

«Ուզում եմ ասել, որ դեղերի ներմուծումը՝ առանց լիազոր մարմնի թույլտվության, ավելի է մեծացնում այդ վտանգը։ ՊԵԿ-ն էլ հաղորդագրություն էր տարածում, որ չպետք է այդ դեղերի ներմուծման ժամանակ չարաշահումներ լինեն, մասնավորապես՝ թմրանյութ չպետք  է ներմուծվի։ Բայց այդպես չեղավ»,- նշեց Քոչարյանը։

Անահիտ Ավանեսյանն էլ արձագանքեց՝ շուկայի մեծացումը բերում է նաև չարաշահումների վտանգ։

«Բայց մենք Հայաստանում չունենք 100%-անոց դեղային բավարարում, ուստի շատ կարևոր է, որ Կառավարությունը նման որոշում ընդունեց, ու մարդիկ սեփական կարիքների համար դեղեր են ներմուծում Հայաստան»,- նշեց նա։

Ավանեսյանը նկատեց՝ կան դեպքեր, երբ մարդիկ դիտավորյալ են փորձում թմրանյութ ներկրել, դեպքեր էլ կան, երբ մարդը չգիտի, որ հոգեմետ նյութեր են պարունակում իր՝ փոստով առաքած ապրանքները։ Նախարարը վստահեցրեց՝ աչալրջություն պետք է, բայց հավելյալ խնդիրներ այս ամենը չի բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։