ՄԱԿ ԱԽ կարևոր արձանագրումներն՝ առանց ֆետիշացման

ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նիստը։ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը. ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան ու Իռլանդիան` հասցեական դիմելով Ադրբեջանին։
Բոլոր ելույթ ունեցողները օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը։
Սա այն դրականն է, որ կարող ենք արձանագրել:
Մյուս կողմից, զարմանալի են ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի ֆետիշացման, այդ նիստը՝ որպես հայկական դիվանագիտության «հաղթանակ» ներկայացնելու փորձերը:
Ի վերջո, ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել որևէ բանաձև կամ չի հնչեցրել անգամ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ակնարկ:
Սա շատ պարզունակ փիառ է, որը կարճաժամկետ էֆեկտ ունի ու չի լուծում այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև:
«ՄԱԿ-ը ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում, հետևաբար, ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումներն ու մեղադրանքները։ Պետք է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը»,- դիվանագիտորեն նկատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչան:
Յենչայի այս արտահայտությունն այն բանալին է, որը մեզ պետք է օգնի ավելի իրական ակնկալիքներ ունենալ ՄԱԿ-ից, մանավանդ, որ խնդրի պատասխանատվությունն, ըստ էության, թողնվում է ռուսական կողմի վրա:
ՄԱԿ ԱԽ-ում քննարկման ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես շեշտել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով»:
Սակայն, ինչպես տեսնում ենք, դիվանագիտական միջոցները դեռևս արդյունք չեն տվել:
Սակայն վերադառնանք ՄԱԿ-ին:
Միջազգային համակարգը ու նրա գլխավոր գործիքը՝ ՄԱԿ-ը, ճգնաժամ են ապրում ու պետք չէ գործուն քայլեր սպասել մի կառույցից, որի անօգնականությունն ակնհայտ է դարձել հատկապես ուկրաինական պատերազմի օրերին:
Վահրամ Բագրատյան