Արթուր Թովմասյանի ուշացած մեղայականը...

Արցախի շրջափակման 222-րդ օրն է։ Հայկական երկրորդ պետության կոկորդին սեղմվող օղակն արդեն խեղդամահ է անում 120 հազար քաղաքացու․ մարդիկ կիսասոված են, զրկված կյանքի նվազագույն պայմաններից․․․ հիվանդանոցներում կյանքերի համար պայքարն արդեն տարվում է առանց դեղորայքի։
Արցախահայության դեմ իրականացվող ցեղասպանության դեմ պայքարում են՝ ով, ոնց կարող է։ Երկրի նախագահը նստացույց է անում, արցախահայության կողքին կանգնած մարդիկ Հայաստանի տարբեր հատվածներում պարեն են հավաքագրում, մի խումբ կանայք հացադուլ են հայտարարում․․․ Հայաստանի իշխանությունն էլ, մի կողմից պնդելով, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, շարունակում է կոչով դիմել միջազգային հանրությանն ու վերահաստատել միտքը, որ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է բանակցեն։
Այս ամենին զուգահեռ, այսօր Արցախի ԱԺ-ն նաև հայտարարություն ընդունեց՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Իհարկե, հասկանալի է, որ Արցախը կրկին դիմում է միջազգային հանրությանը, կրկին փորձում է իր փրկության համար քայլ անել, բայց․․․ այստեղ կարևոր բայց կա, որը չենք կարող անտեսել։ Իր խոսքում Արցախի ԱԺ նախագահը նշեց հարևան պետության հետ «հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրելու մասին», թեև փաստագրված է, որ Ադրբեջանը հարյուրամյակների պատմություն անգամ չունի, արհեստածին պետություն է։ Թովմասյանի այդ հայտարարությունը մեծ արձագանք ունեցավ՝ համացանցում նրան քննադատում են, արցախյան ընդդիմությունը հույս է հայտնում, որ վրիպակ էր, լեզվի սայթաքում, սակայն, դա չէր կարող վրիպակ լինել, քանի որ Թովմասյանը կարդում էր թղթին գրվածը։ Ավելի ուշ նա մեկնաբանեց իր խոսքը՝ նշելով, թե «հարևանությամբ ապրելու» մասին իր միտքը վերաբերում էր այդ տարածքում ապրող ժողովուրդներին։
«Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի 30-ական թթ-ին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք: Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ 2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր»,- գրել է Թովմասյանը։
Աղմկահարույց հայտարարությունից հետո չորս ժամ անց ներկայացրած պարզաբանումը Թովմասյանի կողմից այդքան էլ ընկալելի չէ։ Եթե ինքը նկատի ուներ «X» միտքը, ապա ինչո՞ւ ԱԺ ամբիոնից արտահայտեց «Y»-ը։ Արդյոք՞ նման վիճակում գտնվող պետության ԱԺ նախագահն իրավունք ունի այդկերպ սխալվելու։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է՝ հայտարարությունից հետո հնչած պարզաբանումները շատ ավելի քիչ հասցեատեր են ունենում։ Լավ, այս դեպքում ո՞րն էր նպատակը․ թերևս այն, որ եթե տարբեր ազգություններ հազարամյակներ շարունակ կարողացել են ապրել հարևանությամբ, ինչն ընկալվում է որպես Ադրբեջան, ապա արցախահայությունն էլ կարող է ապրել։ Եթե այդպես չէ, ապա առնվազն նույն ամբիոնից Արցախի ԱԺ նախագահը պետք է նոր ուղերձով հանդես գա, որը կլինի ավելի հստակ, ավելի հասցեական ու ավելի հայանպաստ, ոչ թե լղոզված ու տասնամյակներ շարունակ մեր առաջ քաշած թեզերին դեմ։
Նարե Գնունի