Վատ նախադե՞պ, թե՞ ավանդույթի շարունակություն...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Սա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումն էր, ընդ որում՝ երկրորդը սահմանագլխին, առանց միջնորդների:
Սակայն երեկվա հանդիպման առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ հայտնի հայտարարությունից հետո՝ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տեղափոխել ուղղակի երկխոսության հարթություն»:
Արդյո՞ք երեկվա տեխնիկական հանդիպմանը հաջորդելու են արդեն քաղաքական, դիվանագիտական բանակցություններ՝ առանց միջնորդների:
Եթե ոչ, ապա երեկվա հանդիպումից մեծ ողբերգություն սարքել չի կարելի: Եթե՝ այո, ապա ստիպված կլինենք արձանագրել Հայաստանի հերթական դիվանագիտական պարտությունը, որովհետև ուժային այսօրվա դիսբալանսի պարագայում ուղղակի բանակցությունները վերաբերելու են Հայաստանի հնարավոր կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզի» քննարկմանը:
Ու ևս մեկ սկզբունքային հարց:
Տարօրինակ կլինի, եթե հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը ստորագրվի մինչև դելիմիտացիա/դեմարկացիայի իրականացումը, որովհետև այդ ժամանակ պարզ չի լինի՝ ինչի՞ մասին է խաղաղությունը:
Վահրամ Բագրատյան