Արցախն՝ ընդդեմ Փաշինյանի

Արցախն՝ ընդդեմ Փաշինյանի

Արցախում խիստ մտահոգված են Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների հետևանքով։ Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև երբեք հակադրությունն այսքան արտահայտված ու ինստիտուցիոնալ բնույթ չի ունեցել։

«Նշաձողեր այլևս չունենք, ունենք կարմիր գծեր, արյունով ներկված կարմիր գծեր», - Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն այսպես է արձագանքել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ 

«Կարմիր գիծն այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա միանշանակ է», - հավելել է նա։

Բաբայանն «Ազատությանը» պատմել է, որ Արցախում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ 

Երեկ Արայիկ Հարությունյանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ է հանդիպել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են իշխանությունների հնարավոր անելիքները։

Ակնհայտ է, որ Արցախում քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա է ձևավորվել՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային վերջին հայտարարությունների, նրա քաղաքականության դեմ՝ առհասարակ։

Ու այդ ամենն իր արտացոլումը գտավ Արցախի խորհրդարանի՝ երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարության տեքստում։

«Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը», - հայտարարել է Արցախի Ազգային ժողովը:

Արցախի խորհրդարանը պահանջում է, «որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»: «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու», - ասված է հայտարարությունում:

Այսպիսով՝ արձանագրենք այս պահի երկու հիմանական միտումները՝ լուրջ հակադրություն Երևանի ու Ստեփանակերտի միջև, Հայաստանի ներքաղաքական կյանքի էսկալացիայի լուրջ ռիսկեր։

Վահրամ Բագրատյան