Պարգևատրել է աշակերտ ծեծող փոխտնօրենի՞ն, Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է.
«Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Գորիսի Յուրի Բախշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում: «Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մի «լավ» ծեծ է տվել աշակերտներից մեկին, ով փորձել է ծիծաղել վերջինիս կակազելու վրա։
Այն, որ երեխան իրեն պահել է շատ վատ, չի քննարկվում, բայց որ հասուն տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին, ու դա մարսել է, այ դա աններելի է։ Ասում են՝ ողջ գիշեր Գորիսում տիրել է չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Գործը հասել է անգամ ոստիկաններին։ Հետաքրքիրն այն է, որ այս մասին կոկիկ լռություն են պահպանում բոլորը մամուլ, Մարդու իրավունքների պաշտպանը, անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները եւ այլն։
Իրարանցումն ավարտվել է հաջորդ օրը։ Իսկ հերոսին «ուժեղ տղամարդուն», Ուսուցչի տոնի կապակցությամբ շքանշան է հանձնվել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ինչ է ստացվում, ով ծեծում է պարգեւատրվում է, ով լռում է խրախուսվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ այս պահին իրավիճակը հանգիստ է, ոչ ոք չի բողոքում, ոչ ոք չի նեղացել, իսկ Սերգեյ Ավանեսյանը վայելում է շքանշանը։ Ո՞վ է մեղավոր ստեղծված լռության համար, դատեք ինքներդ»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ թվացել, այն է՝ իբր ուսանողները 100 հազար դրամի լամինատ են ուղարկել բուհական լսարանը վերանորոգելու համար։ Ըստ Կապանում տարածված տեղեկությունների, ձերբակալությունների հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ասում են՝ նախկին ռեկտորը երբեք լավ հարաբերություններ չի ունեցել մարզպետի հետ, իսկ նրա նշանակման ժամանակ մարզպետի և մարզի ԱԱԾ բաժնի պետի կանայք դիմում են գրել ու հեռացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում աշխատանքից։ Մարզպետ Ղուկասյանին իր գործողություններում աջակցումէ քպական մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանը։ Ըստ տեղեկությունների, վերջինս ցանկացել է իր մտերիմին ռեկտոր նշանակել, բայց այդ կնոջ պաշտոնն են անգամ իջեցրել։ Մարզի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռոբերտ Ղուկասյանի դիրքերը չափազանց թուլացել են Գորիսի քաղաքապետ Առուշանյանի ու Քաջարանի քաղաքապետ Փարամազյանի դեմ քրեական գործերից հետո։
Սրան գումարենք այն հանգամանքը, որ մարզպետը Կապանի համայնքապետի հետ գրեթե թշնամական հարաբերություն ունենալով, առավել ևս շատ վատ հարաբերություններ ունի կապանցի պատգամավոր Դավիթ Դանիել յանի հետ, ապա առավել պարզ կլինի նրա դիրքերի թուլացման աստիճանը: Ըստ այդմ, շրջանառվող տեղեկություններով, Ղուկասյանը կարծում է, թե իշխանությունն իրեն էլ է «հասնելու», և պաշտոնը պահելու համար էլ փորձում է թուլացնել իր իսկ կուսակիցներին։