Արցախն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում, ծայրահեղ քայլեր կլինեն․ ԱՀ նախագահի խորհրդական
Արցախի Կառավարությունը մինչև այս պահը փորձել է հարցը կարգավորել ավելի մեղմ տարբերակով, սակայն, կիրառելով ամբողջ զինանոցը, այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի դեսպանատան մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ասաց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, որը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել է Հայաստանում։
Նա նշեց, որ իրենք գնալու են ծայրահեղ քայլերի, դրա մասին երեկ խոսել է նաև Արայիկ Հարությունյանը, սակայն ինքն էլ փակագծեր չբացեց, թե ինչ քայլերի մասին է խոսքը։
«Հավատացնում եմ, որ դեռ ունենք քայլերի հերթականություն, և հուսով ենք, որ մեր ձայնը լսելի է դառնալու։ Իրավիճակն ամեն օր ծայրահեղ է, մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որից հետո կանցնենք ծայրահեղ գործողությունների»,- նշեց նա։
Հարցին, թե այս ակցիաներն ի՞նչ օգուտ կտան, եթե Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախն Ադրբեջանի կազմում է տեսնում, Վլադիմիր Գրիգորյանը պատասխանեց՝ մեկ շաբաթ են տվել իրենք։
«Մեր կարծիքը բազմաթիվ անգամներ հնչել է Արցախի ԱԺ-ի, Կառավարության կողմից, այսինքն՝ Արցախն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։
Մեկ այլ հարցի, թե Արցախի իշխանությունն արդյո՞ք ընդունում է Շառլ Միշելի այն առաջարկը, որ Աղդամով հնարավոր է հումանիտար օգնություն տեղափոխել, Վլադիմիր Գրիգորյանը պատասխանեց՝ իհարկե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։