Շրջափակումից ի վեր շատ մարդիկ զրկված են մեկնել ՀՀ բժշկական օգնություն ստանալու համար․ Մուսաելյան

Արցախում կա անհրաժեշտ դեղորայքի խնդիր, մինչ շրջափակումը մենք դեղորայքի ձեռքբերումն իրականացրել ենք ՀՀ-ից և այս պարագայում չենք կարողանում այլ աղբյուրներից օգտվել և սա, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա մեր բնակչության առողջության վրա։ Այս մասին «Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ ասաց Ստեփանակերտի Հանրապետական բշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսաելյանը։

«Պետք է նշել, որ կան մարդիկ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում էին ՀՀ և այլ երկրներ քիմիաթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման համար, ովքեր հիմա հնարավորություն չունեն մեկնելու»,-ասաց Մուսայելյանը։

Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հնարավորություն է ստեղծվել 16 պացիենտի տեղափոխել ՀՀ-ի տարբեր բուժհիմնարկներ։ Արցախի բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որպեսզի կարողանան պահուստային դեղորայքը ուղղել սուր դեպքերի համար։

«Մինչ շրջափակումը մենք յուրաքանչյուր ամիս իրականացնում էինք 250 վիրահատություն, իսկ այս ժամանակահատվածում իրականացրել ենք 92 սուր ցուցումներով վրահատություն»,-ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

Նրա խոսքով, Արցախում կան նաև երեխաներ, ովքեր ունեն տարբեր հիվանդություններ, որոնք պարբերաբար մեկնում էին ՀՀ և ստանում համապատասխան բուժօգնություն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այս կողմ այս երեխաները ևս զրկված են մեկնել բուժման Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։