Ազատի դեպքում դիտավորություն կա, եղբորս դեպքում՝ անփութություն. Պալյան Պողոսյանի քույր

Ավելի քան յոթ ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքերում վագոն-տնակներից մեկի հրդեհի պատճառով զոհված ազատանցի 19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատներն այսօր փակել էին Գյումրի-Երեւան ավտոճանապարհը՝ պահանջելով գտնել ու պատժել մեղավորներին։
Պալյան Պողոսյանի զորացրման օրն էր այսօր. քույրը՝ Նազելին, MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ վեց ամիս է պահանջում են իրավասու եւ պատասխանատու անձանց հետ հանդիպում, սակայն ապարդյուն։
«Մենք բազմիցս պահանջել ենք Սուրեն Պապիկյանի, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, բայց մեր պահանջները մինչ օրս չի բավարարվել։ Ուզում էինք, եղբորս զորացրման օրը «սայլը տեղից» շարժվի, ընդունեն, լսեն մեզ»,-ասում է նա։
Մինչ այս պահը կալանավորված անձ չկա, գործով մեղադրյալ՝ եւս։ Զոհվածի քույրն ասում է՝ գործը դեռ քննվում է, մի քանի փորձաքննության պատասխաններ դեռ չեն ստացվել։
«Մշտական կապի մեջ ենք եղել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, գործով քննիչի հետ։ Մեզ չի գոհացնում այն, ինչ կատարվում է, որովհետեւ միայն դատաբժշկական փորձաքննության պատասխանը կա այս պահին, որը քննությամբ սահմանված հարցերի պատասխանները չի տալիս»,-ասաց նա՝ նշելով, որ հիմա էլ սահմանվել է համալիր փորձաքննություն, որը կտեւի ամիսներ։
Պալյան Պողոսյանի հարազատներն դեպքի վերաբերյալ իրենց վարկածներն ունեն։
«Դեպքի մասին մեզ մի քանի շշուկներ են հասել, որ բացի ածուխից, օգտագործվել է նաեւ բենզին ու դյուրավառ նյութեր, որոնք ավելի են բորբոքել հրդեհը։ Դրանք անթույլատրելի նյութեր են եղել՝ դիրքում օգտագործելու համար։ Դիրքի պատասխանատուի նկատմամբ մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել, մենք անգամ չգիտենք՝ եղել է դիրքում, զինվորների կողքին, թե ոչ։ Ըստ նկարագրվածի՝ հրդեհի մասշտաբն այնքան մեծ չի եղել, որ չհասցնեն զինվորներին հեռացնել վառվող տնակից»,-պատմեց նա։
Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան եւ իր եղբոր կյանքը խլած հրդեհի միջեւ տարբերությունն է նշում՝ Ազատի դեպքում դիտավորություն կա, իր եղբոր վագոն-տնակի դեպքում անփութություն է եղել.
«Զինվորիների կյանքի համար պատասխանատու անձինք անփութություն են դրսեւորել եւ մինչ օրս պատասխանատվություն չեն էլ կրում»,-նշեց նա։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը MediaHub-ին փոխանցեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Պողոսյանի ընտանիքը հաջորդ շաբաթ կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարր Սուրեն Պապիկյանի հետ։
«Այսօր փոխնախարարները պատրաստակամություն են հայտնել հանդիպել ծնողներին, սակայն նրանք չենք համաձայնել՝ ասելով, որ հարցը պետք է Պապիկյանն անձամբ լսի»,-ասաց նա։
Հիշեցնենք, զինծառայողի ծառայության ընթացքում ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստանալու մասին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց դեպքից միայն 8 օր անց, երբ զինծառայողի վիճակն արդեն ծանր էր և բժիշկներն, ըստ էության, հույս չէին տալիս: Ըստ պաշտոնական հաղորդման՝ զինծառայողը այրվածքներ է ստացել վագոն-տնակում վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելիս։
Լիա Սարգսյան